Zark Foundation

Վեսպեր

Վեսպեր

Բանաստեղծ, թարգմանիչ

28 ապրիլ, 1893 - 20 սեպտեմբեր, 1977

Մարտիրոս Դաբաղյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Վեսպերը աստղի անուն է, որով մկրտվել է բանաստեղծը դպրոցական տարիներին։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը` Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան վարժարանում ու պետական ուսուցչանոցում։ 1915թ. Հայոց ցեղասպանության պատճառով գաղթել է Արևելյան Հայաստան։ Աշխատել է որպես մանկավարժ, ապա՝ «Գրական սերունդ», «Խորհրդային Հայաստան» ամսագրերի խմբագրություններում, ադրբեջաներեն ուսուցանել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1949-55թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Հրատարակվել են նրա «Կայարաններ» (1925թ.), «Կենդանի և կրակե մարդկանց մեջ» (1931թ.), «Պայծառություն» (1936թ.), «Մանուկների հետ» (1937թ.), «Թելիկն ու Մելիկը» (1938թ.), «Ուրախ իմ ձի» (1939թ.), «Եղևնի» (1939թ.), «Վեց հարված» (1940թ.), «Մայիսյան վարդեր» (1941թ.), «Նկարիչ հայրիկի խոստումը» (1942թ.), «Այգն է բացվում» (1944թ.), «Հիշատակ» (1948թ.), «Առաջին աշուն» (1956թ.), «Անձրև և արև» (1957թ.), «Հրազդան» (1959թ.), «Հորեղբոր սրինգ» (1960թ.), «Արձակ էջեր» (1963թ.), «Մայրենի երգեր» (1965թ.), «Շուշանի շափրակներ» (1968թ.), «Մեր քաջ Դժիկոն» (1972թ.), «Հատընտիր» (1973թ.) և այլ գրքեր։ Նրա բանաստեղծություններին բնորոշ են լավատեսական, կենսահաստատ տրամադրությունն ու քնարականությունը: Գրել է նաև մանուկների համար, թարգմանել Հ.Մեհթիի, Ա.Սաբիրի, Գ.Նիզամու, Մ.Ախունդովի, Վ.Բուշի և այլոց ստեղծագործություններից։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: