Zark Foundation

Վերգինե Գարագաշյան

Վերգինե Գարագաշյան

Դերասանուհի

4 սեպտեմբեր, 1856 - 19 օգոստոս, 1933

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Երանուհի Գարագաշյանի քույրը: Սովորել է Սկյութարի ճեմարանում, ապա մասնավոր դասեր է վերցրել Սրապիոն Թղյանից և ֆրանսիացի կոմպոզիտոր Սոլիեյից: Բեմ է բարձրացել 1867թ., «Արևելյան թատրոնում», Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված թատերական երեկոյին` արտասանելով Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը: 1869-78թթ եղել է Հակոբ Վարդովյանի թատրոնի, 1880-82թթ` Թիֆլիսի հայկական թատերախմբի, 1878-79թթ և 1882-87թթ` Ս.Պենկլյանի օպերետային թատերախմբի դերասանուհի: 1878թ. քրոջ` Երանուհի Գարագաշյանի հետ Ս.Պենկլյանի խմբով շրջել է մի շարք քաղաքներում: Դերասանուհու համար հավասարապես մատչելի են եղել լիրիկական և կատակերգական դերերը: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Դյումա-որդու «Թերեզա» (Ամալյա), Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե» (Օրեսթ), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (Ֆաթիմե), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), «Խաթաբալա» (Խամփերի), Շ.Լեկոկի «Մադամ Անգոյի աղջիկը» (Կլերետ), «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (Ժիրոֆլե-ժիրոֆլյա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Լիզա) և այլն: Ճկուն ձայնը և ինտոնացիոն վարպետությունը նրան մեծ հաջողություն են ապահովել ասմունքի արվեստում: 1887թ. մեկնել է Իզմիր, ամուսնացել և ընդմիշտ թողել բեմը: Մահացել է Աթենքում: