Ծնվել է 1934թ. մարտի 1-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Գրող, հրապարակախոս Գառնիկ Սվազլյանի դուստրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան։ 1956թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։ 1958թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ նույն ինստիտուտում ասպիրանտական ուսումնառության տարիներին բարձր առաջադիմության համար նրան շնորհվել է Մանուկ Աբեղյանի անվան թոշակ։ 1961թ-ից աշխատում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության տեսության և պատմության բաժնում, սկզբում՝ կրտսեր, 1972թ-ից՝ ավագ, 1995թ-ից՝ առաջատար գիտաշխատողի պաշտոններով։ 1996-2004թթ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ շարունակելով գրանցել, ուսումնասիրել, նաև՝ տեսագրել հարյուրավոր վերապրողների հաղորդած վկայությունները։ 1996թ. հրավիրվել է մասնակցելու Կ.Պոլսի Հայոց պատրիարքական աթոռի հիմնադրման 535-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ ժողովրդագիտական նյութեր է գրառել Պոլսո հայ համայնքում, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի ծերանոցում, Իշխանաց կղզիներում և Սամանդաղում (Մուսա լեռ)։ 1955թ-ից, շուրջ 60 տարիների ընթացքում, անձնական նախաձեռնությամբ թաղից թաղ, գյուղից գյուղ շրջելով, գրանցել ու վերականգնել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Անատոլիայի հայության բանավոր մշակույթը՝ զանազան բարբառներով հորինված բանահյուսական տարաբնույթ նշխարները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունից (1915թ.) մազապուրծ ականատես վերապրողներից գրառել, ձայնագրել, տեսագրել և ուսումնասիրել է նրանց հաղորդած փաստավավերական վկայությունները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում աշխատելու տարիներին կազմել և խմբագրել է 1915թ. Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից՝ ոտքով Արևելյան Հայաստան հասած տարագիրների պատմած ժողովրդական հեքիաթները, որոնք համաճարակի դժվարին պայմաններում գրի էին առնվել ազգագրագետ Երվանդ Լալայանի և նրա արշավախմբի անդամների ջանքերով Սբ. Էջմիածնի վանքի պատերի տակ ծվարած արևմտահայ գաղթականներից։ Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների, նաև զեկուցումներով հանդես եկել սփյուռքահայ համայնքներում՝ բանագիտությանը, ժողովրդագիտությանը, ցեղասպանագիտությանն ու Հայկական հարցին առնչվող թեմաներով։ Ուսումնասիրելով Սարգիս Հայկունու անմշակ արխիվային նյութերը, 1965թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Մենագրությունը լույս է տեսել 1973թ.։ Մանրամասն ծանոթագրել է հարյուրավոր հեքիաթներ և ստեղծել տվյալ տեղավայրերի բարբառային բառերի բացատրական բառարաններ։ Այդ հեքիաթները լույս են տեսել «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիտական մատենաշարի «Արցախ-Ուտիք» (հ.6, 1973թ.), «Տարոն-Տուրուբերան» (հ.12, 1984թ.) և ավելի ուշ՝ «Վան-Վասպուրական» (հ.15, 1998թ.) հատորներում։ Անձնական նախաձեռնությամբ տարիներ շարունակ գրի է առել խրթին և անհասկանալի, արդեն իսկ անհետացող Մուսա լեռան (Սվեդիա) երեք ենթաբարբառներով բանահյուսական նորահայտ տարաբնույթ ժողովրդական նյութերը։ Այդ փրկված նշխարները ներկայացրել է՝ զուգահեռաբար թարգմանելով գրական հայերենի։ Նախապատրաստել ու խմբագրել է բնիկ մուսալեռցի մտավորական Գրիգոր Գյոզալյանի «Մուսա լեռան ազգագրությունը» (2001թ.) արժեքավոր աշխատությունը։ Նրա «Կիլիկիա արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994թ.) ստվարածավալ հատորն ընդգրկում է Կիլիկիայի և շրջակա արևմտահայ 50 տեղավայրերի (Զեյթուն, Հաճըն, Մարաշ, Այնթապ, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս, Մուսա լեռ և այլն) բանավոր մշակույթն իր բազմաբովանդակ կողմերով։ Հայոց ցեղասպանության 80-ամյա հիշատակին է նվիրված գիտնականի «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» (1995թ.) աշխատությունը, որտեղ ամփոփված են կիլիկիահայ ականատես վկաներից նրա գրի առած պատմափաստագրական բնույթի նյութերը։ Շարադրել է նաև «Կիլիկիայի հայոց բանավոր մշակույթը» մենագրությունը։ Նրա պատմագիտական գրառումներում և ցեղասպանագիտության ասպարեզում փաստագրական բացառիկ արժեք են ներկայացնում դերզորյան թուրքալեզու երգերը, որոնք նա դժվարությամբ հայտնաբերել, գրառել և ուսումնասիրել է իր «Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում» (1997թ., 1999թ., հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2005թ., Ստամբուլ)։ 2000թ. լույս է ընծայվել «Պոլսահայոց բանահյուսությունը» աշխատությունը, որն ընդգրկում է արդի պոլսահայերից, Թուրքիայի գավառներից Ստամբուլ փոխադրված հայերից, մասամբ նաև 1920-ական թվականներից Հայաստան ներգաղթած պոլսահայերից իր իսկ գրառած բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները։ Նույն թվականին լույս է ընծայվել նաև «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» խորագրով ստվարածավալ հատորը, որն իր տեսակի մեջ պատմաքաղաքական արժեք ունեցող եզակի աշխատություն է։ Հայոց ցեղասպանության 90-ամյա հիշատակին է նվիրել «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» խորագրով ուսումնասիրությունը, որը լույս է տեսել վեց լեզուներով (2003-05թթ, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսկ թուրքերենը՝ Ստամբուլ)։ Նրա գրչին է պատկանում նաև «Արմենիա» անգլերեն ծավալուն հոդվածը, որը լույս է տեսել ԱՄՆ-ում համաշխարհային ֆոլկլորին նվիրված մեծադիր քառահատոր հանրագիտարանում։ Գիտնականի կողմից գրանցված ժողովրդական նյութերի թիվը հասել է 700 միավորի, որոնք ներկայացնում են հայերի զավթված երկրի 150 տեղավայրերից բռնի տարագրված և աշխարհով մեկ սփռված ականատեսների վկայություններ։ Հրատարակվել է նրա նորանոր վկայություններով համալրված «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2011թ., հայերեն և անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2013թ., Ստամբուլ) ծավալուն ուսումնասիրություն և բազմաբնույթ տեղեկատվական ցուցիչներ ու ծանոթագրություններ պարունակող, պատմաքաղաքական բացառիկ արժեք ներկայացնող սույն ստվարածավալ եռալեզու հատորները լույս են տեսել ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ։ Հեղինակել է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հրատարակություններ, ընդ որում՝ 25 գիրք, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտերկրում։ 1984թ. «Մուսա լեռ» աշխատության համար արժանացել է ՀՀ ԳԱ նախագահության «Գովեստագրին», 1985թ.՝ Բեյրութի «Մուսա լեռ» հայրենակցական ընդհանուր միության «Պատվավոր Մուսալեռցի» ոսկե մեդալին։ 1990թ. «Վասպուրական» հայրենակցական միությունը նրան շնորհել է «Պատվավոր Վասպուրականցի» կոչում։ 1995թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «Կիլիկիայի հայոց բանավոր մշակույթը» մենագրության համար։ Արժանացել է նաև «Զեյթուն» պատմամշակութային միության «Պատվավոր Զեյթունցի», «Հաճըն» հայրենակցական միության «Պատվավոր Հաճընցի» կոչումներին, 2000թ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության «Պատվոգրին», 2002թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գիտական-բանասիրական մրցանակին, 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալին, 2004թ.՝ Փարիզի «Արարատ» հայագիտական ակադեմիայի պրոֆեսորի կոչման, 2005թ.՝ Մոնրեալի Պոլսահայ մշակութային միության ոսկե մեդալի, Սիրիայի ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի, ՀՀ կառավարության հուշամեդալի, 2006թ.՝ Ալեքսանդրիայի Հայոց քաղաքական ժողովի «Նեղոսի բանալի» ոսկե հուշամեդալի, ՀՀ նախագահի առաջին մրցանակին և ոսկե հուշամեդալի («Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»), 2008թ.՝ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի Մեծագույն Միտք» տիտղոսին և հուշամեդալի, 2009թ.՝ «Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտ» հուշամեդալի, 2011թ.՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» հուշամեդալի, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2016թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: