Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), գաղթի ճանապարհին: Եղել է դերասան Գևորգ Ասլանյանի կինը: 1933թ-ից աշխատել է Երևանի Առաջին Պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) և, միաժամանակ, համատեղել ուսումը թատրոնին կից ստուդիայում, որն ավարտել է 1936թ.: 1937-47թթ աշխատել է Ալավերդու թատրոնում՝ որպես դերասանուհի: Երկու տարի եղել է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի: 1949թ-ից կրկին վերադարձել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Մարթա), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Մեծ տիկին), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ) և այլն: Նկարահանվել է «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Կրկին եկավ ամառը» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.) և այլ ֆիլմերում: 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: