Zark Foundation

Վիգեն Բաբայան

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

12 նոյեմբեր, 1940 - 15 դեկտեմբեր, 2004

Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որտեղ համախոհների հետ միասին 1958թ. հիմնել է Հայ երիտասարդների միություն (ՀԵՄ) ընդահատակյա կազմակերպությունը: Իր առաջնահերթ նպատակը Միությունը համարել է ռուսական կրթության վերացումը Հայաստանի դպրոցներում, գրաբարի (հին հայերեն լեզվի) ուսուցանման ներմուծումը, ինչպես նաև մշակութային հեղափոխությունը: Հետագայում` 1960-ականների սկզբին, կազմակերպությունն իր ծրագրում կետեր է մտցրել Արցախը և Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելու, Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու մասին: 1963թ. նրան և ՀԵՄ-ի ևս 6 ղեկավարների ձերբակալել են խորհրդային պետական անվտանգության մարմինները: Նրանց բաց դատավարությունը անց է կացվել 1964թ. օգոստոսի 5-ին Երևանում: Ժողովուրդն այդ գործն անվանել է «7 հայրենասերների դատ», իսկ նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման: 1968թ. վերադարձել է Երևան, իսկ 1969թ. վերականգնվել է համալսարանում ու շարունակել ուսումը: 1970թ., ավարտելով ԵՊՀ-ն, աշխատանքի է ընդունվել Պետհեռուստառադիոյի երաժշտական ծրագրերի խմբագրության գրական բաժնում: Զուգահեռաբար գրել է բանաստեղծություններ: Սակայն խորհրդային իշխանությունները նրան թույլ չեն տվել հանգիստ աշխատել` նրա առջև ծառացնելով նոր խոչընդոտներ. թույլ չեն տվել հաղորդումներ վարել ռադիոյով, չեն բարձրացրել պաշտոնը, մշտական ստուգումների են ենթարկել և այլն: 1981թ. հրաժարվել է Խորհրդային Միության քաղաքացիությունից և ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես: Մինչև 1984թ. աշխատել է տեղի հայկական հաստատություններում: 1984թ. տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ աշխատանքի է ընդունվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությունում` որպես լրագրող և հաղորդավար, որտեղ էլ աշխատում է մինչև կյանքի վերջը: Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ և թարգմանություններ, ունեցել է մեծ թվով հրապարակումներ Հայաստանի գրական հանդեսներում, այդ թվում՝ «Գարուն» ամսագրում: Մահացել է Վաշինգտոնում: