Zark Foundation

Վիգեն Թադևոսյան

Վիգեն Թադևոսյան

Դերասան

Ծնվել է 1987թ. ապրիլի 29-ին, ՀՀ Եղվարդ քաղաքում: Հաճախել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի վոկալի բաժինը: Դպրոցական տարիներին խաղացել է Եղվարդի Մշակույթի տան թատերական խմբակում: 2004թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան բաժին` Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է հայկական բանակ, որն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Տիգրան Գևորգյանի արվեստանոցում: Ուսման ընթացքում խաղացել է Լ.Տոլստոյի «Ոսկե բանալին», Մ.Բենեդիտեի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում», Ժ.Սարտրի «Ճանճերը» ներկայացումներում: 2007-10թթ աշխատել է Երևանի Երիտասարդական «Փոս» թատրոնում, որտեղ խաղացել է Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսում: 2010թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Վարսավիր Սիմոն), «Արատային առասպելները» (Զինվոր), Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Պարսամ), «Բրեմենյան երաժիշտները» (Իշուկ), «Ալի Բաբան և 40 ավազակները» (Ավազակ), Րաֆֆու «Խենթը» (Ապո) և այլն: 2011թ. խաղացել է Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման մեջ` Բլիքի դերում: Նկարահանվել է «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Ասլան» (2011թ.) ֆիլմերում, ինչպես նաև` մի շարք հեռուստասերիալներում և հաղորդումներում: 2009թ. մասնակցել է «Գիսանե» ներբուհական փառատոնին և արժանացել «Լավագույն դերակատար» մրցանակին: