Zark Foundation

Վիգեն Ղազարյան

Վիգեն Ղազարյան

Արվեստաբան, բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1943թ. մարտի 16-ին, Երևանում: Քանդակագործ Գագիկ Ղազարյանի եղբայրն է: Ավարտել է Երևանի Ա.Խանջյանի անվան թիվ 53 հայկական միջնակարգ դպրոցը, 1965թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության և մեթոդիկայի բաժինը: 1965-66թթ աշխատել է «Արմենպրես»-ում` որպես թարգմանիչ և խմբագիր, 1968թ.` հայկական սովետական հանրագիտարանում` որպես խմբագիր, 1969թ.` Հայաստանի ազգային պատկերասրահում` որպես էքսկուրսավար: 1970-73թթ եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Սարգիս Պիծակ» թեմայով: Եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կրտսեր, ապա ավագ գիտաշխատող: 1988թ-ից ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչն է, 1999թ-ից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչը, 1998թ-ից Սանկտ Պետերբուրգի Հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1990-2000թթ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր գիտական թեմաների հաստատման հանձնաժողովի անդամ: 1992թ. ՌԴ մշակույթի նախարարությանն առընթեր արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Խորանների մեկնությունները» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (2000թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք մենագրություններ, գեղարվեստական թարգմանություններ, բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են գիտական և գրական մամուլում («Գարուն», «Գրական թերթ»): 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Անդամակցում է մի շարք գիտական խորհուրդների` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ԵԳՊԱ, ՀՀ ազգային պատկերասրահ: 1997թ-ից Հայաստանի գրողների միության, ապա՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Վիչենցայում, Բոլոնիայում, Նյու-Յորքում, Վենետիկում և այլուր: Հրատարակվել են նրա «Սարգիս Պիծակ» (1980թ.), «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (13-րդ դարի վերջ-14-րդ դարի սկիզբ)» (1984թ.), «Խճանկար» (1999թ.), «Խորանների մեկնություններ» (բնագրեր և թարգմանություններ գրաբարից, 1995թ.), «Հայ արվեստի պատմություն» (համահեղինակ, 2009թ.) գրքերը: Գերմաներենից թարգմանել է Վոլֆգանգ Գյոթեի «Վայմարյան քնար» (Հռոմեական էլեգիաներ, էպիգրամներ, 1985թ.), գրաբարից՝ Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» (1991թ.) երկերը: 2003թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2006թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալի, 2009թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2011թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2013թ.` ՀԳՄ մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: