Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 31-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կետտի Մալխասյանի դաշնամուրի և Աննա Բարսամյանի երաժշտագիտական բաժինները: 1957թ. դարձել է ԽՍՀՄ երիտասարդության Համամիութենական փառատոնի, իսկ 1960թ.՝ Անդրկովկասյան Առաջին մրցույթի դափնեկիր: 1960թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Նրա հարյուրի մոտ շրջանավարտների թվում կան միջազգային ճանաչում վայելող կատարողներ և մանկավարժներ: Հեղինակել է տասնյակ գիտական և մեթոդական աշխատություններ էսթետիկայի և երաժշտակատարողական պատմության բնագավառում: Գեղագիտության մեջ մեծ ներդրում հանդիսացավ նրա կազմած «А.Адамян. Статьи по эстетике» ժողովածուն: Ավելի քան 50 տարվա կատարողական գործունեության ընթացքում մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում հանդես է եկել նախկին ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև Հարավսլավիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լիբանանում, Խորվաթիայում: Որպես մենակատար գործակցել է դիրիժորներ Վ.Գերգիևի, Մ.Տերյանի, Մ.Մալունցյանի, Լ.Ճգնավորյանի, Է.Խաչատրյանի, Վ.Պապյանի, Հ.Սանջարիի, Ա.Քաթանյանի, Զ.Վարդանյանի, Ռ.Մանգասարյանի և այլոց հետ: Կամերային ելույթների գործընկերներից են եղել Ժան Տեր-Մերկերյանը, Մեդեա Աբրահամյանը, Ֆելիքս Սիմոնյանը, Վիլլի Մոկացյանը և ուրիշներ: Աշխատել է «Լ.Մամիկոնյան-Ջ.Գևորգյան-Վ.Սարգսյան» դաշնամուրային տրիոյի կազմում: Ընդգրկվել է միջազգային և այլ մրցույթների ժյուրիի կազմում, վարպետաց դասընթացներ անցկացրել Եվրոպայում, Ամերիկայում և Միջին Արևելքում: Հայաստանում առաջին անգամ է կատարել Դ.Շոստակովիչի և Ս.Բարբերի դաշնամուրային սոնատները, ինչպես նաև հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկեր, որոնք գրված են և նվիրված անձամբ նրան: Լայն կիրառում են ստացել հեղինակի հրապարակած Արամ Խաչատրյանի բալետների, Վլադիլեն Բալյանի ռոմանսների, ինչպես նաև Կոմիտասի երգերի ընտրանու կոնցերտային փոխադրությունները դաշնամուրի համար: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: