Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Կղզի գյուղում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Անդրկովկաս: 1928-29թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան) դերասան: 1930-35թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում: Որպես ռեժիսոր աշխատել է Գյումրիում, Արթիկում: 1938թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1941-42թթ որպես օպերատոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստացել է գլխի վիրավորում, պարգևատրվել է մեդալներով: Ստեղծել է կինոակնարկներ, վավերագրական ֆիլմեր, կինոժուռնալներ, որոնք արտացոլում են Հայաստանի շինարարության նվաճումները և հայ ժողովրդի մշակույթի ծաղկումը: Լավագույն ֆիլմերից են՝ «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (1948թ.), «Գիտությունը ծառայում է ժողովրդին» (1948թ.), «Խաղողագործությունը Հայաստանում» (1952թ.), «Ավետիք Իսահակյան» (1956թ., սցենարի հեղինակ), «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (1956թ., սցենարի հեղինակ), «Հայաստանի ճարտարապետությունը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ.), «Հայրենիքի գրկում» (1962թ.), «Աշխարհի չեմպիոնը Հայաստանում» (1963թ., սցենարի հեղինակ) և այլն: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: