Zark Foundation

Վիկտոր Լազարև

Վիկտոր Լազարև

Արվեստաբան

22 օգոստոս, 1897 - 1 փետրվար, 1976

Ծնվել է Մոսկվայում, հայտնի Լազարյան տոհմի շառավիղներից Նիկողոս Լազարյանի ընտանիքում: 1920թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1924թ.՝ Հնագիտության և արվեստաբանության ինստիտուտի ասպիրանտուրան: 1924-36թթ աշխատել է Մոսկվայի կերպարվեստի թանգարանում, նախ իբրև իտալական գեղանկարչության բաժնի տնօրեն, ապա՝ պատկերասրահի վարիչ և գիտական գծով փոխտնօրեն: Նույն տարիներից կապված է եղել Մոսկվայի պետական համալսարանի հետ, իսկ 1960թ-ից եղել է այդ համալսարանի արտասահմանյան արվեստի պատմության ամբիոնի վարիչը (1961թ-ից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հին ռուսական, բյուզանդական, ինչպես և Վերածննդի շրջանի արվեստի պատմությանը: Դեռևս 1925-27թթ եղել է մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան և այլն), ուսումնասիրել թանգարանային և հնագիտական արժեքները և, վերադառնալով Մոսկվա, ձեռք բերած հարուստ նյութը օգտագործել է իր հետազոտությունների համար։ Դրանցից են՝ «Բյուզանդական գեղանկարչության պատմությունը» (Մոսկվա, 1947թ.), «Իտալական վերածնության ծագումը» մենագրությունները և «Իտալացի հին վարպետներ», «Եվրոպական հին վարպետներ» գրքերը։ Տարբեր առիթներով անդրադարձել է նաև հայ հին մանրանկարչության հարցերին։ Հայկական միջնադարյան գեղանկարչությանը վերաբերող հոդվածները Հայաստանի արվեստի պատմության ուսումնասիրման նշանակալից ներդրումներ են: Եղել է արևմտաեվրոպական արվեստի սովետական խոշոր մասնագետներից: Եղել է ԽՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի հիմնադիրներից։ 1943թ. ընտրվել է այդ ակադեմիայի թղթակից անդամ, 1945-60թթ գլխավորել է ակադեմիայի արվեստի ինստիտուտի գեղանկարչության և քանդակագործության բաժինը։ Ղեկավարել ու մասնակցել է «Ռուս արվեստի պատմության» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին։ Ընտրվել է Բյուզանդագետների միջազգային ասոցացիայի պատվավոր նախագահ, Ավստրիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Սերբիայի գիտությունների ակադեմիաների, Ֆլորենցիայի և Սիցիլիայի արվեստի ինստիտուտների, Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի ինստիտուտի պատվավոր անդամ։ Քանիցս այցելել է Հայաստան, ուսումնասիրել հայ հին մանրանկարչությունը։ Մահացել է Մոսկվայում: