Zark Foundation

Վիոլետ Գրիգորյան

Վիոլետ Գրիգորյան

Բանաստեղծ

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 23-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1976թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում: 1982-87թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է «Մունետիկ», «Ժամանակ Երևան», «Պանորամա» թերթերում` որպես թղթակից, մշակութային բաժնի վարիչ: 2005-07թթ եղել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության «Դիտորդ» հանդեսի խմբագիրը, 2000թ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գաուդիամուս» ուսանողական հաղորդման սցենարիստը: 2004թ. «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հիմնել է հեղինակային «Ինքնագիր» հաղորդաշարը: 2007թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» հաղորդաշարի ժյուրիի անդամ, ապա` առավոտյան հաղորդման հաղորդավար, 2011թ.` «Իմ անունն է» հաղորդման ժյուրիի անդամ: 2001թ. Վահրամ Մարտիրոսյանի համախմբագրությամբ հիմնել է «Բնագիր», իսկ 2004-ից` արդեն միայնակ` «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է: Վահան Իշխանյանի հետ «Ինքնագիր գրական ակումբի» համահիմնադիրն է: Հրատարակել է «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» (1991թ.), «Քաղաքը» (1998թ.), «Que cet hiver est rude» («Այս ինչ դժվար ձմեռ է», հայերեն-ֆրանսերեն, 2000թ.), «Սեր» (հայերեն-ֆրանսերեն, 2006թ.), «Հարեմի վարդ» (հայերեն-անգլերեն, 2009թ.), «Կամուրջ դեպի Տանյան» (2012թ.) բանաստեղծությունների գրքերը: 1991թ. նրա «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» գիրքն Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է «Լավագույն պոեզիայի ժողովածու» մրցանակի, իսկ 2000թ. նրա «Քաղաքը» գիրքն արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակի: 2011թ-ից աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` որպես խորհրդատու և բովանդակության լեզվամշակման խմբագիր: Եղել է մի քանի էլեկտրոնային կայքերի բլոգեր: