Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Մանուշյանի անվան ֆրանսիական թեքումով դպրոցը: 1991թ. ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ֆրանսիական բաժին, 1998թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: 1996թ. աշխատել է «Գոյակ-Հայարտ» ակումբում` որպես պարերի բեմադրիչ: Բերմադրել է «Կաբարե տրիո» պարային ներկայացումը: 1999թ-ից աշխատել է Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասանուհի: 2001թ-ից աշխատում է Երևանի ազգային գեղագիտության կենտրոնին կից «Փոքր» թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ որոնելիս» (Քարտուղարուհի), ըստ Գ.Նժդեհի նոթերի «Հայաստան և ճշմարտություն» (Գարեգին Նժդեհի հետնորդ), ըստ Ս.Մոեմի «…և մահը» (Գոգեն), Ա.Կոպիտի «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ…» (Մադամ Ռոզպետլ), Մռոժեկի և Ձարդոյի «Տունը սահմանի վրա» (Մայր), Մ.Էնդեի «Օֆելյայի ստվերների թատրոնը» (Հեղինակի ձայն), Ռ.Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ» (Հեղինակի ձայն), Է.Շմիդտի «Անկոչ հյուրը» (Օդիլ Վերսինի), Վ.Քաչայի «Գավազան», Գ.Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», Ա.Արարատյանի բեմադրած «Ամերիկյան սյուիտ», Վ.Շեքսպիրի «Լեգենդ Մակբեթի մասին» և այլն: 2000թ. վարել է ԱՄՆ-ում հեռարձակվող «Փրոջեքթ Զեթ» հաղորդումների շարքը` նվիրված Երևան քաղաքին: Նկարահանվել է «Աշխատանք տղամարդու համար» (1999թ., բազմասերիանոց), «Փեսացուն կրկեսից» (2011թ.) ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆլմերի կրկնօրինակումներ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, թարգմանություն ֆրանսերենից` Ժ.Անույի «Օրնիֆլ կամ միջանցիկ քամի»: 2010թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կողմից արժանացել է արվեստագիտության մագիստրոսի աստիճանի` «դերասանական արվեստ» մասնագիտությամբ: 2012-13թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում: