Ծնվել է Երևանում: 1957-63թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժնում: 1963-65թթ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը: 1970-76թթ եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական բաժանմունքի անդամ, 1987-99թթ՝ Հայաստանի նկարիչների միության արհկոմի նախագահը, Հանրապետության մշակույթի աշխատողների արհեստակցական կոնֆեդերացիայի նախագահության անդամ, 1994-98թթ՝ Հայաստանի նկարիչների միության փոխնախագահը, 1994-98թթ՝ ԱՊՀ երկրներ նկարիչների միությունների կոնֆեդերացիայի նախագահության համանախագահը, 1999թ.՝ կոնֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1976թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ: 1970թ-ից ստեղծագործական աշխատանքներով ցուցադրվել է հանրապետական, համամիութենական 30 ցուցահանդեսներում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում՝ Ֆրանսիա, Բուլղարիա, Լատվիա, Թուրքմենստան, Տաջիկստան, Ամերիկա, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և այլուր: 1978թ. մասնակցել է Մոսկվայի «Պոկլոննայա գոռա» հուշահամալիրի մրցույթին: Ստեղծագործություններից են՝ «Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան» (1973թ., Արցախի Մուշկաբաթ գյուղ), «Փառք աշխատանքին» հուշահամալիրը (1976թ., բազմաֆիգուր հարթաքանդակ, կարմիր տուֆ, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա), «Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (1977թ., տուֆ, գրանիտ, կոփածո պղինձ, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա), «Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան» (1979թ., կարմիր տուֆ, կոփածո պղինձ, ՀՀ Նալբանդ գյուղ), «Մայր Ադրբեջան» հուշակոթողը (1980թ., կնոջ կոփածո արձան, Նուխի), «Հայրենական մեծ պատերազմում զոհված Բելոռուս մարտիկների հիշատակին նվիրված բազմաֆիգուր հուշահամալիր» (1982թ., կոփածո պղինձ, Բրյանսկ), «Սպորտ» հարթաքանդակը (1982թ., ալյումին, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա), «Կարլ Լիբկնեխտ» հուշարձանը (1983փ., գրանիտ, կոփածո պղինձ), «Լենին» հուշարձանը (1983թ., բազալտ, Վոլգոգրադ), «Հայրենական մեծ պատերազմում զոհված ուկրաինացի մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (1984թ., տուֆ, գրանիտ, բրոնզ), «Աշխատանք» հարթաքանդակը (1984թ., կոփածո ալյումին, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա), «Հեղափոխությանը նվիրված հուշահամալիր» (1985թ., տուֆ, բազալտ, կոփածո պղինձ, ՀՀ Մասիսի շրջկենտրոն), «Խաղաղություն» բազմաֆիգուր բարձրաքանդակը (1985թ., կոփածո ալյումին, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա), «Ջերմուկ համամիութենական տուրբազայի ներքին և արտաքին ձևավորումները» (1986թ., տուֆ, բազալտ, պղինձ), «Հայրենական մեծ պատերազմում զոհված ուկրաինացի և ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (1987թ., տուֆ, բրոնզ, գրանիտ, Սվերդլովսկ), «Հարթաքանդակ» (1988թ., տուֆ, բազալտ, Դոնի Ռոստով), «Տիեզերք» բազմաֆիգուր բարձրաքանդակը (1990թ., կոփածո պղինձ, Սևաստոպոլ), «Մեղեդի» բազմաֆիգուր կոմպոզիցիան (1991թ., բրոնզ, գրանիտ, Դուշանբեի կենտրոնական պուրակ, Տաջիկստան), «Ռուս-հայկական բարեկամության հուշարձան» (2002թ., կոփածո պղինձ, Սոչի), Հրանտ Դինքի հուշարձանը (2007թ., մարմար, Ստամբուլ, Թուրքիա), Հիշատակի ծառուղին (2015թ., Երևան) և այլն: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ինչպես նաև՝ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեդալով: Մահացել է Երևանում: