Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1949թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1949-52թթ ուսանել է ՀՀ ԳԱ ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ղեկավարությամբ։ 1953թ. պաշտպանել է թեկնածուական, 1976թ.՝ դոկտորական ատենախոսություն Հայաստանի գյուղացիության պատմության վերաբերյալ (1982թ-ից՝ պրոֆեսոր): 1953-59թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1959թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում, սկզբում որպես ավագ գիտաշխատող, 1980-2010թթ՝ որպես Նորագույն պատմության բաժնի վարիչ։ 2010-15թթ եղել է գլխավոր գիտական աշխատող։ Համատեղությամբ դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի Քվանտ վարժարանում։ Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի գյուղացիության և Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 7-8-րդ հատորների պատրաստմանը։ Եղել է մեծ թվով ասպիրանտների գիտական ղեկավար։ Երկար տարիներ հանդիսացել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի և ինստիտուտում գործող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի անդամ, խմբագրել տասնյակ գրքեր։ Պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժինը ղեկավարելու տարիներին նրա ղեկավարությամբ բաժնի գիտաշխատողներն ու ասպիրանտները մշակել են նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ թեմաներ, պաշտպանել թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ։ Պատմաբանի գիտական գործունեության արդյունքներն ամփոփված են նրա շուրջ 30 գրքերում և 100-ից ավել հոդվածներում։ Մասնակցել է ակադեմիական «Հայոց պատմության» նոր բազմահատորյակի չորրորդ հատորի (1918-91թթ) ստեղծման գործին, որի առաջին գրքի խմբագիրը և տեքստերի զգալի մասի հեղինակն է եղել։ Առաջինն է Հայաստանում դպրոցական դասագրքերի համար մշակել Հայաստանի Հանրապետության (1918-20թթ) և Խորհրդային Հայաստանի առաջին տասնամյակների պատմությունը։ Նրա գիտական գործունեության մեջ կարևոր տեղ ունեն աղբյուրագիտական բնույթի գրքերի ու հոդվածների տպագրությունը։ Անդրադարձել է Գարեգին Նժդեհի գործունեության ուսումնասիրությանը, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի կյանքի ու գործունեության անհայտ էջերի լուսաբանմանը։ Նրա համար ուսումնասիրության առանձին բնագավառ է եղել արխիվներում հայտնաբերված գիտական աշխատությունների տպագրության նախապատրաստումը։ Այդպիսի գործերից հիշատակության արժանի են Աստվածատուր Խաչատրյանի «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները» (2010թ.), Միքայել Թումանյանի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը 1918-1920թթ» (2012թ.) գրքերը։ Գիտական գործունեության երկարամյա աշխատանքի արդյունք է նաև նրա «Հայաստանը 1920-1940թթ» (2006թ.) արժեքավոր ուսումնասիրությունը։ 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: