Ծնվել է ՀՀ Ալավերդի քաղաքում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: 1940թ-ից, բեմադրիչ Աշ-Մաթի հրավերով, խաղացել է Ալավերդու թատրոնում, որտեղ կերտել է առաջին դերը` Սեյրան (Ա.Շիրվանզադեի «Նամուս»): 1952-95թթ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Մարմնավորել է շուրջ 200 թատերական դեր: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Պլատոն Կրեչետ), Դ.Գազազյանի «Խաչատուր Աբովյան» (Խաչատուր Աբովյան), Գ.Ֆիգեյրեդոյի «Ավեսն ու խաղողը» (Եզոպոս), Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Պալիմերի), Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Կիպար), «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մակբեթ), «Օթելլո» (Կասիո), Վոյնիչի «Բոռ» (Արթուր Մոնտանելի), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Աշոտ Երկաթ), Լ.Սաղաթելյանի «Կարմիր մանյակ» (Ցոլակ), Ն.Դումբաձեի «Մի վշտանա, մայրիկ» (Քեռի Վանո), «Մեղադրական եզրակացություն» (Շոշիա), Յ.Օ'Նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ) և այլն: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Հրդեհ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.) և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում: 1970-95թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության Վանաձորի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը և դերասանական ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: 1997-2000թթ բնակվել է Ստամբուլում: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, մրցանակներով, շքանշաններով: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի, 2010թ.` Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Վանաձորում: