Zark Foundation

Վռամ Հովսեփյան

Վռամ Հովսեփյան

Բանաստեղծ, արձակագիր

15 մայիս, 1925 - 24 նոյեմբեր, 1991

Ծնվել է ՀՀ Ներքին Թալին (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ) գյուղում։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և պարգևատրվել է շքանշաններով։ 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1955-74թթ աշխատել է «Հայգրքի» վարչությունում, Հայպետհրատում, «Մետաքսագործ» թերթի և «Պիոներ» ամսագրի խմբագրություններում, հանրապետական ժողովրդական ստեղծագործության տանը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950թ.` «Գրական թերթ»-ում, իսկ առաջին գիրքը` «Արագածի լանջից» խորագրով` 1956թ.։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հեղինակել է 17 գիրք։ Գրողի գրեթե բոլոր, այդ թվում` անտիպ ժողովածուների ու գրքերի մասին դրականորեն են արտահայտվել ժամանակի անվանի մտավորականները։ Խոսել և գրել է Մշո բարբառով։ Նրա ստեղծագործությունների բնօրինակները դեռևս կենդանության օրոք պահպանության են վերցվել Հայաստանի պետական կենտրոնական արխիվի թիվ 145 ֆոնդում։ Բանաստեղծությունները գրված են քնարական շնչով. հիմնական թեման սերն է։ Առավել ուշագրավ են նրա «Արագածի լանջից» (1956թ.), «Ծափ ու ծիծաղ» (1971թ.), «Կանաչ մամուռ» (1975թ.), «Տոհմածառ» (1980թ.), «Կանաչ աշխարհ» (1985թ.) ժողովածուները, «Գուռգուռա» (1969թ.) պոեմը։ Գրողի արձակի նյութը եղել է ժամանակակից կյանքը: Հրատարակվել են նրա «Տեղատարափ» (պատմվածքներ, նովելներ, 1984թ.), «Արևածագ» (վիպակ, 1987թ.), «Դիմանկար» (ակնարկներ, 1988թ.) գրքերը։ Մահացել է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում: