Ծնվել է Հայաստանի Այգեշատ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) գյուղում։ 1958թ․ ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1966-84թթ եղել է Հայկական հանրագիտարանի հայ ժողովրդի պատմության, հնագիտության և ազգագրության խմբագրության վարիչը։ 1994թ․ ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական կոչում։ 1984-91թթ աշխատել է ՀՀ ԳԱ նախագահությունում։ 1991թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 2004թ-ից՝ թեմատիկ խմբի ղեկավարը։ Աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի, Հայ առաքելական եկեղեցու վաղ միջնադարյան պատմության հանգուցային խնդիրներին։ Աշխարհաբարի է վերածել, առաջաբանով և ծանոթագրություններով հրատարակել Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» (1985թ․) երկը։ Երկերից են՝ «Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը. 908-1021 թվականներ» (1969թ․), «Արծրունիները Հայոց պատմության մեջ» (2002թ․), «Հայ եկեղեցին վաղ միջնադարի քաղաքական խաչուղիներում» (2004թ․) և այլն։ Մահացել է Երևանում։