Zark Foundation

Տաթևիկ Սազանդարյան

Տաթևիկ Սազանդարյան

Օպերային երգչուհի

20 օգոստոս, 1916 - 6 հոկտեմբեր, 1999

Ծնվել է ՀՀ Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ): Եղել է երաժշտագետ Հակոբ Խանջյանի կինը: Մանկությունն անցել է Բաքվում: 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար: 1929թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում: 1933-ից հանդես է եկել կամերային համերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մասնակցել է Ռուբեն Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը: 1937թ. ավարտել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից վոկալ-դրամատիկական ստուդիան՝ Սարգիս Բարխուդարյանի դասարանը: 1960թ. էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1937թ-ից եղել է Երևանի Ա.Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Նշանակալից դեր է խաղացել ազգային օպերային արվեստի զարգացման գործում: Եղել է Փառանձեմի (Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Ա.Սպենդիարյանի «Ալմաստ»), Աննայի (Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա») դերերգերի առաջին կատարողը: Հատուկ երգչուհու համար են գրվել Թամարի (Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Շուշանի (Ա.Բաբաևի «Արծվաբերդ»), Նազելիի (Հ.Ստեփանյանի «Հերոսուհին», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ.), Բերբերոյի (Ա.Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը: Նրա հնչեղ և արտահայտիչ ձայնը, երաժշտականությունը, կերպարանափոխման ձիրքը, բեմական վառ տաղանդը նրա մարմնավորած կերպարներին հաղորդել են դրամատիկական հնչողություն: Հանդես է եկել նաև հետևյալ օպերաներում՝ Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» (Դալիլա), Ստրավինսկու «Էդիպ արքա» (Իոկաստա), Բորոդինի «Իշխան Իգոր» (Կոնչակովնա), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Լյուբաշա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա» (Ուլյա Դրոմովա) և այլն: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն: Եղել է Ա.Սաթյանի, Ա.Հարությունյանի, Է.Միրզոյանի, Ղ.Սարյանի, Ս.Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը: Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից: Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Բելգիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Թունիսում, Հունգարիայում, Ալժիրում, Չեխոսլովակիայում և այլուր: 1961թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1970թ-ից՝ պրոֆեսոր), 1972-77թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1977թ-ից եղել է Երևանի կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչը: Եղել է համամիութենական և միջազգային մրցույթների ժյուրիների անդամ, ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1997թ. պարգևատրվել ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Երևանում: