Հիմնադրվել է 1981թ., Երևանում՝ սկզբնապես կրելով «Շարական» անվանումը (մինչև 1985թ.): Հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է եղել Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ): 1987թ. կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը ստանձելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ է հաղորդել համույթի համերգային, ստեղծագործական կյանքին՝ կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկել է հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի 300-ից ավելի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ: 1988թ. Տաղարանը ստացել է պետական համույթի կարգավիճակ: 1994թ-ից համույթի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը, ով շարունակում է զարգացնել համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները: Համույթն ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: Ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցմամբ հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ: Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական կողմը կապված է եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտության հետ: Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվել են գերմանական, ֆրանսիական, իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր: Համույթի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, կատարողականության բարձր մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթն արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ), Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Համույթն իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոներում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կազմակերպած տարատեսակ համերգներին: Հանրության ուշադրությանն է ներկայացվել «Կարոս խաչ» վիպերգությունը և Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը (կոմպոզիտոր` Դ.Սաքոյան): «Հորովելների շարքով» փորձ է արվել հնարավորինս ամբողջացնել Մեծ Հայքի բոլոր գավառների հորովելների «քարտեզագրումը»: Համույթի երկացանկի հետաքրքիր նորություններից են «Քոչարիների շարքը», որը ևս «քարտեզագրվել» է հորովելների նմանությամբ և Բալուի շրջանի երգերն ու պարերգերը, որոնք գրեթե անծանոթ են մեր երաժշտասեր հանրությանը: Հատկանշանական է նաև «Записки Марии Волконской» մոնո-օպերան (հեղինակ` Է.Սադոյան):