Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1923թ. Թավրիզից տեղափոխվել է Երևան: 1925-27թթ սովորել է Գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, 1928-32թթ՝ Լենինգրադի պոիտեխնիկական կերպարվեստի ինստիտուտում (Ա.Մատվենի դասարան)։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Աշխատել է մոնումենտալ դեկորատիվ արձանագործության (պատմահեղափոխական և մարզական թեմաներ) և դիմաքանդակի ասպարեզում։ Կերտել է Վլադիմիր Լենինի մի շարք քանդակներ, որոնց համար շահել է մրցանակներ (1928թ., Երնան, 1933թ., Լենինգրադ)։ Քանդակագործի աշխատանքների զգալի մասը չի պահպանվել։ Գործերից են՝ «Ջութակահար Հովհաննես Նալբանդյանի կիսանդրին» (1928թ., ՀՀ գրականության և արվեստի Ե.Չարենցի անվան թանգարան, Երնան), Ա.Պուշկինի երկու դիմաքանդակը (1937թ., Սանկտ Պետերբուրգի Պուշկինի տուն-թանգարան), «Գրոհ» (բարձրաքանդակ-պաննո, 1935թ.), Ս.Կիրովի արձանը (1936-37թթ), «Լողորդուհի» (1936-37թթ), «Բասկետբոլ» (1937թ.) և այլն։ Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանի համար ստեղծել է կենցաղային մանրաքանդակներ։ Դարձել է ստալինյան ռեպրեսիայի զոհ, անհիմն բռնադատվել և գնդակահարվել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), հետմահու արդարացվել: