Zark Foundation

Տիգրան Հախումյան

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

17 հունվար, 1894 - 25 մարտ, 1973

Ծնվել է Երևանում: 1912թ. ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները: 1917-20թթ Թիֆլիսում խմբագրել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերը: 1922թ. տեղափոխվել է Երևան: Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում: 1923-31թթ աշխատել է նաև որպես դատապաշտպան: 1943թ-ից դասախոսել է Երևանի համալսարանում, թատերական, Խ.Աբովյանիանվան հայկական մանկավարժական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտներում (1961թ-ից՝ պրոֆեսոր): Բեմադրվել են նրա «Մղձավանջ» («Խավարի ճանկերում», ըստ Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» և «Ցեցեր» վեպերի), «Թշնամին» (1931թ.), «Այգաբացին» (1932թ.) պիեսները: Լույս են տեսել գրողի «Անտոն Չեխով, նրա կյանքը և ստեղծագործությունը» (1944թ.), «Ա.Մ.Գրիբոյեդով. կյանքն ու ստեղծագործությունը» (1945թ.), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1958թ.) ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին» (1945թ.), «Գրական հոդվածներ և հիշողություններ» (գիրք 1-2, 1965թ., 1970թ.) ժողովածուները: Ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես (այդ թվում` Մ.Գորկու «Վասա Ժելեզնովա», «Եգոր Բուլըչևը և ուրիշները», Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լունաչարսկու «Ազատագրված Դոն-Կիխոտ», Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ» և այլն), որոնց մեծ մասը տպագրվել է զանազան ժողովածուներում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1943թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: