Ծնվել է ՀՀ Ղշլաղ գյուղում (այժմ` Վանաձոր քաղաքի տարածքում): 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1939թ-ից աշխատել է Հայհիդրոնախագիծ ինստիտուտում (1952թ-ից` գլխավոր ճարտարապետական): Հեղինակ է Սևանի (վերերկրյա մասի), Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Երևանի, Տաթևի ու Բուի (Գանա, Աֆրիկա, վերջին երկուսը` Ռ.Ա.Յագուբովի և Ս.Բ.Պետրոսյանի հետ), Շամբի, Սպանդաբյանի, Զարամագի 1-ին, 2-րդ (Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ), նաև գյուղական շուրջ 10 ՀԷԿ-երի համալիրների ճարտարապետական մասի: Նրա նախագծերով ստեղծվել են 250-ից ավելի կառույցներ, այդ թվում` մշակույթի տներ և ակումբներ, աղբյուր-հուշարձաններ, ուսումնական մանկական և առողջական հաստատություններ, բնակելի տներ (Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը, Մոսկովյան և Դեմիրճյան փողոցներում), մեծ թվով գյուղական և ավանային բնակավայրեր` Լուսավան (այժմ` Չարենցավան), Լուսակերտ, Արզնի (այժմ` Առողջարան թիվ 1), Գագարին, Գառնի և այլն: Շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության անդամ: Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության երեք պատվոգրերով (1945թ., 1953թ., 1960թ.), 2002թ.` Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալով: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում: