Zark Foundation

Րաֆֆի Գալստյան

Րաֆֆի Գալստյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2000թ. օգոստոսի 29-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում: 2010թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժին: 2014թ. մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ դասական պար անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակին: 2016թ. մասնակցել է Ռուսաստանի Պերմ քաղաքում կայացած «Արաբեսկ» մրցույթին, ապա՝ հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակին: 2017թ. մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ տեղերին: Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակին: 2018թ. Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ և անցել մեկշաբաթյա փորձաշրջան՝ հրավիրվելով աշխատանքի: 2018թ. մասնակցել է նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը: 2014թ-ից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում: 2018թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարմնավորել է Զվեզդիչի կերպարը «Դիմակահանդես» բալետում՝ Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված բալետային փառատոնին։ Նույն թվականին աշխատանքի է անցել թատրոնում, որպես առաջատար մենապարող և թատրոնի թատերախմբի հետ հյուրախաղերով մեկնել Մոսկվայի Մեծ թատրոն: 2019թ. Թբիլիսիում ՝ Վախթանգ Չաբուկիանիի մրցույթում գրավել է առաջին տեղը, իսկ ՀԹԳՄ-ի կողմից արժանացել «Արտավազդ» դիպլոմի՝ «Չիպոլինո» բալետային ներկայացման մեջ Կոմս Բալի դերակատարման համար։ Նույն թվականին Ֆրանսիայի Տուլոն քաղաքի բալետային միջազգային մրցույթում ստացել է Գրան Պրի, իսկ Չինաստանի Վենժոու քաղաքում անցկացվող GIDC մրցույթում միջին խմբում զբաղեցրել է 1-ին տեղը: Բալետային դերապարերից են՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն), «Դիմակահանդես» (Զվեզդիչ), «Սպարտակ» (Սպարտակ), Ֆ.Շոպենի «Շոպինիանա» (Պատանի), Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» (Կոմս Բալ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ և Էսպադա), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Արքայազն), Ա.Շորի «Բյուրեղապակյա դղյակ» (Սիրահարված ծաղրածու), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո) և այլն: 2019թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին և մեկնել Մոսկվայի Մեծ թատրոն՝ անցնելով երկշաբաթյա վերապատրաստում։ 2022թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես «Բարեկամություն» անսամբլի արտիստ: Նույն թվականին Աստանայի Օպերայում որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել Սպարտակի դերով Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետում: Արժանացել է մի շարք շնորհակալագրերի: 2019թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի։