Ծնվել է ՀՀ Արտաշատի շրջանի Ոստան գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1941թ-ից շուրջ 30 տարի աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Հետագայում տեղափոխվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ աշխատել է 11 տարի: 1995թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), Հ.Պարոնյանի «Շողոքորթըն» (Թադե), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Արտաշ թագավոր), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Տարոն), Գ.Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Տեր հայր), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Աթենացի), Ի.Կարաջալեի «Կորսված նամակ» (Կացավենի) և այլն: Եղել է դերասաններ Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի խաղընկերը: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Արտաշատում: