Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Եղել է բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական գործիչ Հարություն Ալամդարյանի թոռը (մոր կողմից)։ Սկզբնական կրթությունն ստացել է Ստավրոպոլի հայկական դպրոցում։ 1849թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը՝ աշակերտելով ականավոր հայագետ Մկրտիչ Էմինին, 1858թ.՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ 1861թ-ից գլխավորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական լեզուների ամբիոնը, որտեղ նրա շնորհիվ հայ բանասիրությունը դարձել է համակողմանի ուսումնասիրության առարկա, ձևավորվել հայագիտության պետերբուրգյան դպրոցը (Ն.Մառ, Ն.Ադոնց, Հ.Օրբելի, Ա.Գրեն, Քր.Հովհաննիսյան, Կ.Կուսիկյան, Կ.Կարապետյան և ուրիշներ)։ 1872թ-ից վարելով նաև Պետերբուրգի գրաքննչական ատյանի հայերեն հրատարակությունների գրաքննչի պաշտոնը՝ դրական դեր է խաղացել հայկական մամուլի, գիտության ու գեղարվեստական գրականության հրատարակման գործում։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց, զբաղվել է գիտական աշխատանքներով։ Եղել է Վաղարշապատում, Թիֆլիսում, Վիեննայում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում, Մյունխենում, ծանոթացել հայկական ձեռագրերին, գիտական-գործնական կապեր հաստատել հայ և օտար արևելագետների հետ։ Ուսումնասիրել և հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմագիրների (Սեբեոս, Անանիա Շիրակացի, Թովմա Արծրունի, Մխիթար Անեցի, Մխիթար Այրիվանեցի, Մաղաքիա Աբեղա և ուրիշներ) երկերը։ Ռուսերեն թարգմանել և հրատարակել է Մովսես Կաղանկատվացու (1861թ.), Սեբեոսի (1862թ.), Ղևոնդ Երեցի (1862թ.), Մխիթար Այրիվանեցու (1869թ.), Գիլանենցի (1870թ.), Մաղաքիա Աբեղայի (1871թ.), Թովմա Արծրունու (1887թ.) երկերը, Մովսես Խորենացուն վերագրվող հայկական Աշխարհացույցը (1877թ., հայերեն բնագրով հանդերձ)։ Հավաքել, ռուսերեն թարգմանել և հրատարակել է հայ պատմիչների տեղեկությունները մոնղոլների մասին («Մոնղոլների պատմությունն ըստ հայկական աղբյուրների», հ.1-2, 1873-74թթ)։ Նրա թարգմանություններին բնորոշ է հարազատությունը բնագրին, գիտական բարձր մակարդակը, դրանք ուղեկցվում են լրացուցիչ փաստերով, մեկնաբանություններով ու ծանոթագրություններով։ Հայ պատմիչների թարգմանությունը համարելով միայն քաջահմուտ հայկաբանների գործը՝ իր մի շարք գրախոսություններում դատապարտել է «սիրողական մակարդակի» թարգմանությունները։ «Սասանյան արքայատան պատմության փորձ ըստ հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների» (1863թ., ռուսերեն), «Դեպի Հնդկաստանի ափերը Թգլատպալասարի կարծեցյալ արշավանքի մասին» (1879թ., ռուսերեն) և այլ աշխատություններում ճշգրտել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների հին և միջնադարյան պատմության մի շարք սկզբունքային հարցեր։ «Մի քանի խոսք հին հայկական ամսանունների մասին» (1871թ., ռուսերեն) աշխատությամբ արժեքավորել է հին հայկական օրացույցը։ Զբաղվել է Հայաստանում հայտնաբերված սեպաձև արձանագրությունների վերծանմամբ ու մեկնաբանմամբ, սեպագրերում պահպանված մի շարք տեղանունների ու ցեղանունների պարզաբանումով։ Արևելագետների միջազգային կոնգրեսներում (1873թ.՝ Փարիզում, 1874թ.՝ Լոնդոնում) ներկայացնելով ռուսական արևելագիտության նվաճումները՝ ընդգծել է հատկապես սեպաձև արձանագրությունների կարևորությունը Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման գործում։ Նրա «Վանի արձանագրությունները և դրանց նշանակությունը Առաջավոր Ասիայի պատմության համար» (1881թ., ռուսերեն), «Ռուսաստանի սահմաններում հայտնաբերված Վանի համակարգի սեպաձև արձանագրությունների մասին» (1882-83թթ, ռուսերեն) և այլ աշխատություններ կարևոր ներդրում են Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման գործում։ «Հետազոտություն հայոց լեզվի կազմության մասին» (1864թ., ռուսերեն) դոկտորական դիսերտացիայում, պատմահամեմատական լեզվաբանության նվաճումների հիման վրա, բնութագրել է հայոց լեզվի դերը, անդրադարձել հին հայերենի ծագման, զարգացման և մի շարք այլ հարցերի։ Գրաբարը համարել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի հինավուրց խոսակցական լեզուն, իսկ հայոց պետականության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 6-ից մ.թ. 5-րդ դդ)՝ հայ ժողովրդի պաշտոնական կամ ընդհանրական, այնուհետև (5-19-րդ դդ)՝ գրոց (կրոնի, կրթության, գիտության) լեզուն։ Հայերենի բարբառների գիտական ուսումնասիրման մեջ արժեքավոր ավանդ է նրա «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» (1869թ., ռուսերեն) աշխատությունը, որի համար հայագետ Հ.Տաշյանը նրան անվանել է «հայ բարբառագիտության հայր»։ Իր այդ գրքերում հեղինակը զետեղել է Մշո, Խոյի, Ագուլիսի, Ջուղայի, Արցախի բարբառներով գրի առնված պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ։ Հայերենի բարբառները դիտել է որպես Հայաստանի հնագույն ցեղային լեզուների ժառանգներ։ Նրա համոզմամբ՝ մինչև 19-րդ դարի գրաբարը նոր զարգացում չի ապրել և մնացել է քերականական նույն կաղապարի մեջ, ինչին հանդիպում ենք 4-5-րդ դարերում։ Նա գտնում էր, որ 5-19-րդ դարերի գրաբարը չի եղել հայ ժողովրդի կենդանի ու առօրյա խոսակցական լեզուն։ Նրա «Հայոց լեզվի զբաղեցրած տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1879թ., ռուսերեն) աշխատությունը նոր քայլ էր հնդեվրոպական լեզուների համակարգում հայերենի տեղի հարցը լուսաբանելու ուղղությամբ։ Քննելով հայերենի բառապաշարը և այն համեմատելով զանազան լեզուների հետ՝ եզրակացրել է, որ հայերենը իրանական և սլավոնալիտվական լեզուների միջև ընկած մի անհայտ հնդեվրոպական լեզվախմբի (թերևս՝ փոքրասիական) ինքնուրույն ներկայացուցիչ է։ Արևելագետը նյութեր է հավաքել հայերենի բացատրական, ինչպես նաև հայոց անձնանունների բառարաններ հրատարակելու համար («Նյութեր հայերեն բառարանի համար», մաս 1-2, 1882-84թթ), սակայն այդ գործը մնացել է անավարտ։ Նա արժեքավոր աշխատություններ է գրել նաև միջնադարյան հայ մատենագիրների ու նրանց երկերի մասին («Ցուցակ հայ գրականության, 4-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսը», 1860թ., ֆրանսերեն, «Հայոց պատմական գրականության մատենագիտական ակնարկ», 1880թ., ռուսերեն, «Նշխարք մատենագրության հայոց», 1884թ.)։ Իր մի շարք հոդվածներում պայքարել է հայոց լեզվի անաղարտության, ինչպես նաև անհարկի մաքրամոլության դեմ։ Բազմիցս ընտրվել է միջազգային զանազան գիտական ընկերությունների անդամ։ Եղել է բանասիրական գիտությունների դոկտոր (1864թ.), Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1871թ.), Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ (1885թ.)։ Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):