Zark Foundation

Քիմ Քաշքաշյան

Քիմ Քաշքաշյան

Ալտահար

Ծնվել է 1952թ. օգոստոսի 31-ին, ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում: Ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում: Երաժիշտն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է: Բազմիցս մասնակցել է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին: Համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի և այլ համաշխարհային երաժիշտների հետ: Ձայնագրվել է «Սոնի»-ի համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունեցել Գերմանիայի «ECM» ընկերության հետ: Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999թ. արժանացել է Էդիսոն մրցանակին: 2000թ. թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և 2001թ. արժանացել Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար: Նրա լայնածավալ մանկավարժական աշխատանքներն ընդգրկում են դասավանդումը Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում (Գերմանիա): 2000թ-ից ալտ և կամերային երաժշտություն է դասավանդել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում (Բոստոն): Որպես մենակատար հանդես է եկել Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ՝ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» համերգասրահում, Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում, Լոս Անջելեսում և այլուր: Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի, Էթվոշի և այլոց հետ: Նրա կամերային համերգների գործընկերներն են եղել դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին: Հանդես է եկել «Տոկիո», «Գուարների» և «Գալիմիր» կվարտետների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող՝ Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով: 1991թ. նկարահանվել է Ժան Լյուկ Գոդարի «Գերմանիա: 9-0» ֆիլմում: Թեոդորոս Անգելոպուլոսի «Ուլիսի հայացքը» (1995թ.) ֆիլմի երաժշտության կատարողներից մեկն է: Թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ: Արժանացել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների, 2003թ.՝ Նիդերլանդների Էդիսոնի երաժշտական մրցանակի, 2013թ.՝ «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում: