Zark Foundation

Քիրամ Կազմող

Քիրամ Կազմող

Քանդակազարդող

16-17-րդ դար

Եղել է խաչքարեր և տապանաքարեր կազմող։ Նրա ստորագրությամբ հայտնի ամենավաղ գործը՝ օրորոցաձև մի տապանաքար, ստեղծվել է 1551թ., այժմյան ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, վերջինը՝ 5 խաչքար, 1610թ., գտնվում են այժմյան ՀՀ Տավուշի մարզի Բերդ գյուղի «Սբ. Սարգսի Խաչ» կոչվող գերեզմանատանը։ Խաչքարեր ու տապանաքարեր է կերտել Եղվարդում, Էջմիածնում, Աշտարակում՝ Արարատյան դաշտից մինչև Բերդ, սակայն, հիմնականում ստեղծագործել է Գեղարքունիքում, որի գյուղերից մեկը, հավանաբար, նրա ծննդավայրն է եղել։ Մյուս քանդակազարդող հայ վարպետների համեմատությամբ եղել է ամենաարգասավորը. նրա ստորագրությամբ և անստորագիր հաշվվում է 64 գործ (54 խաչքար, 10 տապանաքար)։ Նրա գործունեությունը առանձնապես բեղմնավոր է եղել Նորադուզում, ուր ստեղծել է 32 խաչքար։ Նրա արվեստի գլուխգործոցներն են համարվում Կամոյի (այժմ՝ Գավառ) «Դարի գլուխ» գերեզմանատան մեջ կանգնեցված զույգ խաչքարերը, մեկը՝ Հախնազարի (1596թ., ստորագրված, պահվում է Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարանում), մյուսը՝ Շահնազարի հիշատակին։ Նա կատարելության է հասցրել Գեղարքունիքում Մելիքսեթ Կազմողի սկզբնավորած «մանրաքանդակ ոճը», դարձել դրա ամենացայտուն ներկայացուցիչը։