Խաչիկ Դեդեյան
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է գրականագետ Շառլ Տետեյանի եղբայրը։ 1922թ-ից ապրել է Փարիզում։ Նախնական կրթությունն ստացել է Նյոյի Սբ. Խաչ քոլեջում, ապա ավարտել է Սորբոնի համալսարանի իրավագիտության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Գրական ասպարեզ է իջել 1931թ., «Սգավորված դիմակահանդես» վեպով։ Գրել է ֆրանսերեն և հայերեն։ Լույս են տեսել նրա «Կորած երաժշտությունը» (1942թ.), «Բարձր ծով» (1943թ.), «Ջութակն ու խաչը» (1952թ., Ֆրանսիս Ջեյմս մրցանակ) վեպերը, «Աղոթք՝ մահվան հրեշտակին» (1947թ.), «Իսպանական օպերա» (1965թ.), «Ներքին աշուն» (1973թ.) պոեմները, «Ալեն Ֆուրնիե և գաղտնի իրականությունը» (1967թ., ֆրանսիական ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գիշերային ուխտավորը» (1966թ.) էսսեները և այլն։ «Տետեյաններ» (հ.1-2, 1972-82թթ) ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ուսումնասիրել է Տետեյան գերդաստանի բոլոր նշանավոր գործիչների, ինչպես նաև այդ գերդաստանի հետ կապված նշանավոր ընտանիքների՝ Հայրապետյանների, Շեհրիմանյանների, Շահումյանների գործունեությունը, տվել Թոմարգայի (Փոքր Հայք) և Զմյուռնիայի պատմության նոր լուսաբանումներ։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ։ Մահացել է Փարիզում: