Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Դերասան Երվանդ Մանարյանի որդին է: Ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները, ապա` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետը` պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ: Հեղինակել է մեկ տասնյակից ավելի հեռուստատեսային ծրագրեր` «Ալամբուչիկ», «Հաղորդում թիվ 6», «Հատակում», «Տուն-տունիկ», «Օլյայի օրագիրը», «Քրիստոմանիա», «Հոպլյաթիռ», «Թեթև սոլիդ», «4-ին գումարած» և այլն: Հեղինակել է նաև «Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսները, հայ-ամերիկյան «Կորած և մոլորված Հայաստանում» (2012թ.) կատակերգության և «Գարեգին Նժդեհ» (2014թ.) ֆիլմի սցենարները: Հանդիսացել է Հայաստանի հանրային և Հայկական երկրորդ հեռուստաընկերությունների ամանորի ծրագրերի սցենարիստն ու երաժշտական խմբագիրը, «Ձմեռային գիշերվա երազ» հեռուստատեսային երաժշտական բեմադրության սցենարի և երաժշտության, «Գարնանային պատմություն» հեռուստատեսային պիեսի հեղինակը: 1998թ. ներկայացրել է Հայաստանը Լոնդոնում կայացած մանկական հեռուստատեսությունների երկրորդ համաշխարհային գագաթաժողովում: Դարձել է 1998թ. Սոչիում կայացած բանակային և 2004թ. ԱՄՆ-ում կայացած հայկական ազգային երաժշտական փառատոների դափնեկիր` «Լավագույն երգահան» անվանակարգում: Հեղինակել է ավելի քան 350 երգ, որոնք կատարել են Հայաստանի և սփյուռքի ճանաչված երգիչ-երգչուհիները, այդ թվում` երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ` նվիրված Հայոց բանակին: Թողարկել է «Երևանյան գիշերներ» (2009թ.), «Կապույտ թռչուն» (2011թ.) ձայնասկավառակները, ինչպես նաև մանկական երգերով տեսասկավառակ` «Երաժշտական այբուբեն» խորագրով: Հանդիսանում է «Բարդերի ակումբ»-ի անդամ: Հեղինակել է նաև մանկական հեքիաթներ, որոնք լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը` «Տուն-տունիկի հեքիաթները» խորագիրը կրող ժողովածուի տեսքով: 2005թ. հրավիրվել է ԱՄՆ` աշխատակցելու «ARTN» հեռուստաընկերությանը և 3 տարի բնակվել ու աշխատել է Գլենդելում: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմում: