Zark Foundation

Օլգա Գուլազյան

Օլգա Գուլազյան

Դերասանուհի

27 դեկտեմբեր, 1885 - 27 մայիս, 1970

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Դավիթ Գուլազյանի կինը: Ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը: Նրա տեսած թատերական առաջին միջոցառումները նույն թաղի արհեստավորների կազմակերպած ներկայացումներն էին: 16 տարեկանում, դերասանուհի Սիրանույշի երաշխավորությամբ, ընդունվել է դրամատիկական ընկերության թատերախումբ: Առաջին դերը եղել է Նատոն` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում (1900թ.)` արժանանալով հեղինակի խրախուսանքին: Պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1901թ., Թիֆլիսի հայկական թատրոնում: Մասնակցել է Մուրաշկոյի թատրոնի, Ավճալյան աուդիտորիայի, Արաքսյան թատրոնի, Զուբալովի ժողովրդական տան հանրամատչելի ներկայացումներին, հյուրախաղերով հանդես եկել Բաքվում, Կ.Պոլսում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Գանձակում: Վաղ շրջանում աչքի է ըևկել սուբրետ և տրավեստի դերերով` Մոլիերի «Երևակայական հիվանդ» (Տուանետ), «Տարտյուֆ» (Դորին), Յ.Գորդինի «Օվկիանոսից այն կողմ» (Հենրի), Մ.Գորկու «Հատակում» (Ալյոշկա): Առաջին նշանակալի հաջողությունը եղել է Գայանեի դերակատարումը` Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» պիեսում (1904թ.): Եղել է դերասանական հին սերնդի այն ներկայացուցիչներից, ով ձեռնամուխ է եղել հայ սովետական թատրոնի հիմնադրմանը: 1921-26թթ խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնում: 1926թ. տեղափոխվել է Երևանի Առաջին Պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր: Խաղացած ներկայացումներից են` Լ.դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը» (Լաուրենսիա, 1925թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա, 1929թ.), «Անօժիտը» (Օգուդալովա, 1946թ.), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Քսենյա, 1933թ.), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալյա, 1927թ.), «Պեպո» (Էփեմիա, 1935թ.), «Էլի մեկ զոհ» (Սալոմե, 1944թ.), Վ.Փափազյանի «Ժայռ»(Հոռոմսիմ , 1944թ.), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Տատիկ, 1957թ.) և այլն: Խարակտերային դերասանուհու արվեստին բնորոշ են եղել կերպարի ազգային և կեևցաղագրակաև հատկաևիշների բեմական նուրբ ոճավորումը, ինտոնացիոն ճկունությունը, բնութագրական մանրամասների թատերային ըևդգծումները, խաղի ներքին թեթևությունը և պլաստիկական ամբողջականություևը: Դերասանուհու վերջին դերը եղել է Բրոուդի տատիկը` Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» պիեսում (1963թ.): Նկարահանվել է «Զարե» (1926թ.), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.) ֆիլմերում: 1945թ. հրատարակել է «Հուշեր» գիրքը, որը հարուստ է հայ թատրոնին վերաբերող կարևոր տեղեկություններով: Եղել է Խորհրդային Հայաստանի 4-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Հայաստանի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակների: Մահացել է Երևանում: