Zark Foundation

Օլգա Մայսուրյան

Օլգա Մայսուրյան

Դերասանուհի

7 մարտ, 1861 - 3 հունիս, 1931

Օլգա Փուղինյան
Ծնվել է Թիֆլիսում: Բեմ է բարձրացել 1895թ., Թիֆլիսի Փիթոնի ռուսական թատրոնում, ապա անցել Բաքվի հայկական թատրոն, ուր, արժանանալով Սիրանույշի հավանությանը, ընդմիշտ նվիրվել ազգային բեմին: 1900թ-ից հայկական թատերախմբերի հետ հանդես է եկել Կովկասի, Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի, ինչպես և Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներում: Դերասանուհու հոգևոր հարուստ տվյալներին ու բեմական հրաշալի արտաքինին գումարվել է ռուս թատրոնից փոխառած ռեալիստական խաղաոճը և բեմական բարձր կուլտուրան: Խաղաոճին բնորոշ է եղել հուզականությունը, անկեղծությունը, արտահայտչակերպերի հղկվածությունը, ստեղծագործության հիմքում սիրո, կնոջ ազատության, մարդկային արժանապատվության թեման էր: 1921թ. եղել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը: Մարմնավորել է ավելի քան 100 դեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), «Մակբեթ» (Լեդի Մակբեթ), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Հուդիթ), Հ.Իբսենի «Նորա» (Նորա), «Ուրվականներ» (Ֆրու Ալվինգ), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Զեյնաբ), Նեմիրովիչ-Դանչենկոյի «Կյանքի գինը» (Կլավդիա), Մ.Մետերլինկի «Մոննա Վաննա» (Մոննա Վաննա), Գորդինի «Միրա Էֆրոս» (Միրա Էֆրոս), «Օվկիանոսի հետևը» (Էսֆիր), Ա.Շիրվանզադեի «Եվգինե» (Եվգինե), «Պատվի համար» (Մարգարիտ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), «Ամպրոպ» (Կատերինա), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (Մարի Ստյուարտ), «Ավազակներ» (Ամալյա), «Սեր և խարդավանք» (Լուիզա), Հ.Զուդերմանի «Հայրենական տուն» (Մագդա), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա), Մ.Գորկու «Հատակում» (Նաստյա), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի Մարիամ), Ա.Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» (Մարգարետ Գոտյե), Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» (Ռաուտենդելեյն), Գ.Գեի «Տրիլբի» (Տրիլբի) և այլն: Հավասարապես տիրապետել է հայերենին և ռուսերենին, ասմունքել այդ լեզուներով (երկացանկում` Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Ն.Նեկրասովի, Ա.Պուշկինի, Մ.Գորկու, Հայնեի և այլոց երկերը): Նկարահանվել է «Սուրամյան ամրոց» (1922թ.), «Նամուս» (1925թ.), «Զումալլու» (1929թ.) ֆիլմերում: 1929թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի գերեզմանատանը: