Ծնվել է Թոփթի գյուղում (այժմ՝ Ղրիմ գյուղ, ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում): 1930թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները։ Ղեկավար պաշտոններ է վարել Ռուսաստանի պետական կենտրոնական գրապալատում, ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմխորհի պետական, Սալտիկով-Շչեդրինի անվան պետական հանրային (Սանկտ Պետերբուրգի բլոկադայի տարիներին), ԽՍՀՄ գիտատեխնիկական պետական հանրային, Վ.Լենինի անվան ԽՍՀՄ պետական գրադարաններում։ Գրել է ռուսերեն։ Հեղինակել է ավելի քան 110 գիտական աշխատություններ, որոնցից շատերը, այդ թվում և «Ընդհանուր գրադարանագիտություն» (1960թ., 1968թ., 1976թ., հայերեն՝ 1963թ.) թարգմանվել են մի շարք լեզուներով։ Նրա նախաձեռնությամբ և խմբագրությամբ են սկզբնավորվել «ԽՍՀՄ գիատակն և տեխնիկական գրադարաններ» («Научные и технические библиотеки СССР») և «Խորհրդային գրադարանագիտություն» («Советское библиотековедение») պարբերականները։ Անդրադարձել է գրադարանագիտության և մատենագիտության գրեթե բոլոր կարևոր խնդիրներին։ Գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի 32-րդ նստաշրջանում (1966թ., Նիդերլանդներ) ընտրվել է այդ կազմակերպության մատենագիտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1969թ.՝ Գրադարանագիտության հանձնաժողովի նախագահ։ 1972թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): 1968թ. արժանացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում: Չուբարյանի անունով է կոչվել Արտաշատի կենտրոնական գրադարանը։