Ծնվել է 1929թ. մայիսի 2-ին, Փարիզում: Նրա ծնողները Դիարբեքիրից գաղթել են Ֆրանսիա՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից (1915թ.): Առաջին անգամ հայկական երաժշտությամբ հետաքրքրվել է 10 տարեկան հասակում, երբ այցելել է Փարիզի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: 1946թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կարճ ժամանակ անց երաժշտության ասպարեզում բավական մեծ ճանաչում է ձեռք բերել: 1952թ. ծառայել է Գերմանիայում գտնվող ԱՄՆ նավատորմային ուժերում: Վերադառնալով ծառայությունից զբաղվել է երաժշտությամբ: Հիմնականում կատարել է հայկական (Դիարբեքիրի բարբառով) ժողովրդական երգեր, որոնք հենց ինքն է հեղինակել: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ, այդ թվում՝ «Հավատամք» խորագրով հայկական կրոնական երգերի ժողովածուն: Թողարկել է նաև «Օննիկ» (1972թ.), «Կրկին Օննիկ» (1974թ.), «Օննիկի ներքին զգացմունքները» (1976թ.), «Քեզ համար» (1978թ.), «Դիարբեքիրի հորանի» (2015թ.) անվամբ ձայնասկավառակները: Երկար տարիներ համագործակցել է հայտնի ուդահար Ջոն Բերբերյանի հետ: