Ծնվել է 1961թ. հուլիսի 26-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և ընդունվել աշխատանքի Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն` որպես դերասան: Թատրոնում կերտել է ավելի քան 80 դեր: Խաղացած ներկայացումներից են` Բրիկերի և Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Ֆրենկ Հարդեր), Բ.Սլեյդի «Հաջորդ տարի, նույն ժամին» (Ջորջ), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ), «Կայսրը» (Նիկիֆոր), Յ.Տյատտեի «Ոսկե ձկնիկ» (Օսվալդ), Ջ.Օրթոնի «Ինչ է տեսել դռնապանը» (Պրենտիս), Ա.Չեխովի «Երեք քույր» (Պրոզորով), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Չերմետով), Վ.Ռոզովի «Խլահավի բույնը» (Սուդակով), Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Մենահեմ), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սկալազուբ), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Գորոդուլին, Մամաև), «Փշրված շղթա» (Վարդան), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքացի) և այլն: 2002թ. և 2010թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: 1999-2019թթ եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը, 2015թ.` ՌԴ նախագահի Ա.Պուշկինի անվան մեդալի: