Zark Foundation

Ֆրիդոն Ասլանյան

Ֆրիդոն Ասլանյան

Ճարտարապետ, դիզայներ, գեղանկարիչ

13 մարտ, 1938 - 5 հուլիս, 2021

Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Մասնագիտական գործունեությունն սկսել է ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցում: Սերն արվեստի հանդեպ նրա մեջ սերմանել են հայտնի վարպետ-մանկավարժներ Վեհիկ Տեր-Գրիգորյանը, Երվանդ Քոչարը և ուրիշները: Եղել է ճարտարապետ, դիզայներ, բազմաթիվ նախագծերի հեղինակ: Հեղինակել է ազգային օպերային թատրոնի ջահի ձևավորումը: 1968թ., Երևանի 2750-ամյակի առթիվ, ստեղծել է առաջին ազգային փայտե կերպարանքները (տիկնիկները): Ծովախեցիներից պատրաստված դիզայներական իրերը նրա ստեղծագործական հայտնագործությունների ցանկում առանձին տեղ են զբաղեցնում: Նրա ճարտարապետական նախագծերից են՝ Խոշորամասշտաբ հանգստի գոտու նախագծը Երևանում, ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը Բյուրականում, Բրյանսկի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակի քաղաքաշինական նախագիծը, 1986թ. ԽՍՀՄ լավագույն նախագիծ ճանաչված Մորդովիայի «Արմենիա» ռեստորանի և «Արարատ» խանութի համալիրը, մի շարք պրոֆիլակտորիաներ և պանսիոնատներ Սոչիում, Աղավնաձորում և Հին Նորքում, Թուրքմենստանում ՀՀ դեսպանության նախագիծը, Երևանում թանգարանի վերակառուցումը, 18-րդ դարի ճարտարապետական հուշարձանի՝ Մոսկվայի Լազարյան ինստիտուտի ցուցադրությունը, ինչպես նաև նրա հիմնադիրների դիմանկարները: Որպես նկարիչ գործունեությունն սկսել է 1964թ.՝ հաղթելով «Ուսանողական գարուն» թեմայով պաստառների հանրապետական մրցույթում: 1972թ-ից ստեղծել է քաղաքային թեմաներով գրաֆիկական աշխատանքների շարք, որոնք ոգեշնչված էին Ֆինլանդիա, Չեխիա, Անգլիա, Հնդկաստան և Ցեյլոն կատարած ուղևորությունների տպավորություններից: 1985թ. առաջին անգամ ներկայացրել է յուրօրինակ տեխնիկայով կատարված դիմանկարների շարք` օգտագործելով սովորական զինանշանային կնիք: Բիտումով արված դիմանկարների շարքը և տրանսցենդենտալ նկարների շարքը, որոնք կարելի է վերագրել վերացական նկարչությանը, կարելի է համարել նրա ստեղծագործական կենսագրության յուրահատուկ էջը: Այդ դիմանկարներից են՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, դերասան Մհեր Մկրտչյանի, քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի և այլոց դիմանկարները: Նկարչի ստեղծած «Ասլանյան» ստուդիան նրա իսկ ղեկավարությամբ իրականացրել է մի շարք նախագծեր Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում: Բազմաթիվ ցուցահանդեսներ են տեղի ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, այլ երկրներում: Ռուսաստանում և այլ երկրներում կայացել են նրա բազմաթիվ ցուցահանդեսներ, նրա աշխատանքները պահվում են ռուսաստանյան և այլ երկրների հավաքածուներում: Եղել է Հայաստանի ճարտարապետների (1970թ.), նկարիչների (1978թ.), դիզայներների (1978թ.), Ռուսաստանի դիզայներների (1978թ.) միությունների անդամ, ՌԴ արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ճարտարապետների, Արհեստավարժ նկարիչների ստեղծագործական միությունների անդամ, Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, Գիտությունների, արվեստի և գրականության եվրոպական ակադեմիայի անդամ, Ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ, Դիզայներների միջազգային միության անդամ (1988թ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային միության անդամ (1996թ.): Եղե; է նաև Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (հումանիտար գիտություններ և ստեղծագործական բաժնի դիզայնի և ճարտարապետության բաժնում), Եվրասիայի ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր: Մահացել է Մոսկվայում: