Zark Foundation

Ազատ Ղարիբյան

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

25 հուլիս, 1923 - 14 մայիս, 1988

Ծնվել է Երևանում: Եղել է պարուհի Թերեզա Գրիգորյանի ամուսինը: 1940թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: Մեկ տարի սովորել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի պարի անսամբլում` ելույթներ ունենալով զինվորների համար: 1948թ. ավարտելով Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը` ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է որպես մենակատար, պարուսույց, բալետմայստեր: Հանդես է եկել Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուրալի), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Աշուղ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ) և այլ բալետներում: Բեմադրել է Գ.Հախինյանի«Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Բ.Սակիլարիի «Չոփչոփիկը», Հ.Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Ի.Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», պարեր Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Ա.Տիգրանյանի «Անուշ», Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» և այլ ներկայացումներ: 1962թ. եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, 1963-83թթ` Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկաավարել է երկար տարիներ` ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: Մասնակցել է նաև Կիրովականի (այժմ` Վանաձոր) և Լեռնային Ղարաբաղի պարի պետական անսամբլների ստեղծմանը, Կանադայում կազմակերպել է պարային համույթ: 1976թ. հանդիսացել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը: 1986թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարներ` Ա.Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ.Ավետիսյանի «Հուշեր», Մ.Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: