Zark Foundation

Ալբերտ Յավուրյան

Ալբերտ Յավուրյան

Կինոօպերատոր

26 օգոստոս, 1935 - 3 նոյեմբեր, 2007

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1964թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը` Լ.Կոսմատովի արվեստանոցը: Առաջին ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները կատարել է Յալթայի կինոստուդիայում, որտեղ կինոուսումն ավարտելուց հետո ստացել է նշանակում: 1964թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1977թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (1991թ-ից` պրոֆեսոր, 1997թ-ից` ամբիոնի վարիչ): 1964թ-ից Հայֆիլմում մասնակցել է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի նկարահանմանը, որտեղ կիրառել է «ազատ կինոխցիկի» հնարավորությունները` նպաստելով կինոնկարի հաջողությանը (ՀՀ Պետական մրցանակ` 1967թ.): 1991թ. և 1994թ. Իրանում նկարահանել է «Տովարիշչ» և «Զինապարտ» ֆիլմերը, որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»: Որպես կինոօպերատոր հանդես է եկել հետևյալ գեղարվեստական ֆիլմերում` «Երևանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի», «Այստեղ, այս խաչմերուկում», «Երջանկության մեխանիկա», «Աշուղ Ղարիբը», «Զինադադար» և այլն: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ` «Յոթ երգ Հայաստանի մասին», «Մխիթարյանները», «Մշակույթների կամուրջ», «Բոբո» և այլն: Եղել է «Նիկե» միջզգային կինոակադեմիայի անդամ: 1999թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2005թ.` «Թեքեյան» մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1987թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Մահացել է Երևանում: