Zark Foundation

Ալեն Բերբերյան

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

2 հուլիս, 1953 - 22 օգոստոս, 2017

Ծնվել է Բեյրութում: Եղել է մուլտիպլիկատոր Շառլ Բերբերյանի եղբայրը։ Հայրը եղել է հայ, մայրը՝ հույն: Մանկությունն անցկացրել է Լիբանանում, կրթություն ստացել է Փարիզում: Ստեղծագործական գործունեությունն սկսել է ֆրանսիական «Կանալ պլյուս» («Canal+», Փարիզ) հեռուստաընկերությունում՝ 15 տարի շարունակ աշխատելով որպես զվարճալի ծրագրերի եթերային խմբագիր։ 1989թ-ից սկսել է նկարահանել հեռուստասերիալներ և հեռուստաշոուներ։ Նրա առաջին ֆիլմը՝ «Վախի քաղաքը», ընտանեկան ոճի կինոկատակերգություն է (1997թ.)։ Հայտնի է եղել որպես աշխույժ և սրընթաց տեմպերով զարգացող սյուժեներով կինոկատակերգությունների հեղինակ, որոնցում առկա է նաև սատիրայի և վառ արտահայտված ռեալիզմի ոգին։ Այդօրինակ ֆիլմերից են՝ «Պապարացցի» (1998թ.) և «Կորսիկացին» (2004թ.) կատակերգությունները։ Նկարահանել է նաև արկածային և կատակերգական ժանրի ֆիլմեր։ 2000թ. նկարահանել է «Վեց» թրիլլերն՝ ըստ Ժան-Յուգ Օպելի վեպի։ «Կարիբյան ծովահենները» հայտնի ֆիլմի թեմատիկ մշակման փաստացի շարունակությունը դարձավ ռեժիսորի «Գանձերի կղզին» (2007թ.) արկածային ֆիլմը, որը նա նկարահանել է հունգարացի և անգլիացի կինոնկարահանողների հետ համատեղ։ Նկարահանել է նաև «Վախի քաղաքը. ընտանեկան կատակերգություն» (1996թ., Ֆրանսիա) և «Կատարյալ կալանք» (2002թ., Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) և այլ ֆիլմեր: Մահացել է Փարիզում: