Zark Foundation

Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

18 ապրիլ, 1858 - 7 օգոստոս, 1935

Ալեքսանդր Մովսիսյան
Ծնվել է Շամախիում: Սովորել է տեղի հայկական թեմական և ռուսական գավառական երկդասյա դպրոցներում: 1875թ. մեկնել է Բաքու: Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագրի, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: 1878թ-ից թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատակարանից» (1883թ.), «Խնամատար» (1884թ.) վիպակները, «Նամուս» (1885թ.) վեպը, որով և հայտնի է դարձել: 1886-91թթ եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890թ.) նովելները, «Արամբին» (1888թ.), «Զուր հույսեր» (1890թ.) վեպերը: Հետագայում գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893թ.) վեպը, «Ցավագարը» (1894թ.), «Կրակ» (1896թ.) վիպակները: Արևմտահայերի 1895-96թթ կոտորածների ժամանակ եղել է Հնչակյան կուսակցության անդամ և իր հոդվածներով ու գործունեությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան, սակայն կալանավորվել է ցարական ոստիկանության կողմից և նետվել Մետեխի բանտը՝ «ցեղակիցներին օսմանյան կառավարության դեմ ապստամբության հանելու» մեղադրանքով։ 1896-97թթ գրել է «Քաոս» վեպը, որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է: Վեպի կոնֆլիկտի շուրջ նա սկսել էր մտածել դեռ տասնհինգ տարի առաջ՝ «մի գերդաստանի ընտանեկան խռովության պատմության» տպավորության տակ։ «Քաոս»-ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։ Գրողը պատկերել է քաղաքի բոլոր անկյուններն ու խորշերը, բուրժուազիայի սերունդներին, բանվոր դասակարգին, մտավորականությանը, հոգևորականներին, արհեստավորներին, արվեստի մարդկանց։ Արտացոլել է շահույթի համար կատաղի մրցավազքը, բարոյական արժեքների անկումը, ստեղծել հոգեբանական-սոցիալական սուր կոնֆլիկտների զանգվածային տեսարաններ ու նկարագրություններ։ Մերժել է այդ քաոսը, որպես հումանիստ և դեմոկրատ՝ քննադատել արատավոր հասարակությունը, նաև որոնել փրկության ուղիներ։ Առաջին անգամ հայ գրականության մեջ ստեղծել է աշխատավորների կերպարներ, բանվորական կյանքի պատկերներ, ի հայտ բերել նոր բարձրացող բանվոր դասակարգի բարոյական գեղեցկությունն ու ինտերնացիոնալիզմը, նրա մեջ տեսել երկրի ուժն ու գալիքը։ 1898թ. հունվարին երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիտ» (1899թ.), «Արտիստը» (1901թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902թ.) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ Գրողի ստեղծագործությունն ունի թեմատիկ, կենսական և ժանրային լայն ընդգրկումներ ու բազմաձևություն։ Պատկերել է բոլոր խավերի ներկայացուցիչներին, բարձրացրել է սոցիալական, քաղբարոյական հարցեր, անդրադարձել բանվոր դասակարգի ծանր վիճակին, մեծ քաղաքի կոնֆլիկտներին, կնոջ ազատագրման խնդրին, ազգային-քաղաքական ողբերգությանը և այլն: Բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի տարիներից մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», 1891թ., «Եվգինե», 1903թ.,«Ունե՞ր իրավունք», 1903թ., «Պատվի համար», 1905թ., «Ավերակների վրա», 1911թ., «Նամուս»,«Չար ոգի»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», 1909թ., «Արհավիրքի օրերին», 1917թ.), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», 1912թ., «Մորգանի խնամին», 1930թ.)։ Մեծ են նրա ծառայությունները նաև գեղարվեստական ու բեմական լեզվի զարգացման գործում։ Մերժելով բարբառները, գրել է միայն գրական լեզվով, ձգտել տիպականացման համար շեշտը դնել հատկապես հոգեբանական վերլուծության և մտածողության ձևի վրա։ Գրողի դրամաները թարգմանվել և բեմադրվել են ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, պարսկերեն։ 1905-10թթ ապրել է Փարիզում: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916թ. Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում: 1919թ. բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926թ. հաստատվել է Երևանում: Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), որտեղ ստեղծել է իր անցած դժվարին ճանապարհի ու մաքառումների պատմությունը, պատկերել ժամանակի մի շարք նշանավոր գրողների ու գործիչների (Պետրոս Ադամյան, Րաֆֆի, Գաբրիել Սունդուկյան, Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան, Գրիգոր Արծրունի)։ Հրատարակության է պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ), վերամշակել մի շարք գործեր: Գրողի լավագույն երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Նամուս» (1925թ.), «Չար ոգի» (1927թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1972թ.) կինոնկարները: 1930թ. արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի, ապա Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Կիսլովոդսկում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Շիրվանզադեի անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ, Կապանի պետական դրամատիկական թատրոնը: