Zark Foundation

Ալեքսանդր Սահինյան

Ալեքսանդր Սահինյան

Ճարտարապետ

3 հուլիս, 1910 - 4 նոյեմբեր, 1982

Ծնվել է Հայաստանի Վարդաբլուր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Եղել է արձակագիր Անահիտ Սահինյանի եղբայրը: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։ Նրա նախագծերով կառուցվել են Երևանի սանիտարաբակտերիալոգիական ինստիտուտի շենքը (1938թ.), կրկեսի դահլիճը (Ա.Ասատրյանի հետ, 1939-40թթ, շենքը վերակառուցվել է 1950-ական թթ), Հայաստանի Աղավնատուն գյուղի ակումբի շենքը (1946թ.)։ 1946թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, որտեղ 1958թ-ից եղել է ճարտարապետական բաժնի վարիչը։ Ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի անտիկ և վաղ միջնադարի ճարտարապետությանը։ Մասնակցել է Գառնիի ամրոցի պեղումներին, ղեկավարել է Էջմիածնի մայր տաճարի, Երերույքի և Քասաղի բազիլիկների, Զովունիի պեղումները, կազմել Գառնիի տաճարի վերակազմության նախագիծը (1967-68թթ), ղեկավարել վերականգնման աշխատանքները (1969-75թթ, ՀՀ պետական մրցանակ՝ 1975թ.)։ 1944թ. Ապարանի շրջկենտրոնի Քասաղի բազիլիկայի պեղումները սկսելու օրվանից մինչև իր կյանքի վերջը նվիրվել է հայ հին ճարտարապետության ուսումնասիրության գործին։ Մշակել է Հայաստանի վաղ քրիստոնեական բազիլիկները և Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետությունը։ Էջմիածնում պեղումներ կատարելիս պարզել է Մայր տաճարի բազիլիկային բնույթը (նախ՝ միանավ, ապա՝ եռանավ), որի զարգացման առանձնահատկությունն է կազմել բազիլիկայի վերականգնում-վերափոխումը խաչաձև կենտոնագմբեթ շենքի 480թ., Վահան Մամիկոնյանի օրոք կատարվող եկեղեցու վերանորոգման ժամանակ։ Հռիփսիմեի տաճարի հիմքերի ուսումնասիրության ժամանակ գտել է վանքի մերձակայքում կամ գուցե և նրա տեղում երբեմնի կանգնած անտիկ կառույցի, ըստ երևույթին տաճարի մշակված մանրամասներ։1949թ. եղել է Գառնիում՝ որպես արշավախմբի ճարտարապետ։ Նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել Գառնիի ամրոցի պարիսպը, հեթանոսական տաճարը, Արշակունիների պալատական համալիրն անտիկ բաղնիքով։ Հեղինակել է ՀՀ ԳԱ գիտական հանդեսներում տպագրված մի շարք հոդվածների, ինչպես նաև «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը», «Հայաստանի անտիկ ու վաղ միջնադարյան ճամանակաշրջանի ճարտարապետություն» գլուխները «Հայ ճարտարապետության ակնարկներում», «Գառնի-Գեղարդ», «Գառնի ամրոցի անտիկ շրջանի ճարտարապետական կառույցները», «Էջմիածին» և այլ աշխատություններ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1984թ. (հետմահու)՝ ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում: