Zark Foundation

Ալիսա Ադամյան

Ալիսա Ադամյան

Ջութակահար, մշակութային գործիչ

Ծնվել է 1943թ. հունիսի 28-ին, Երևանում: Եղել է ջութակահար Կարո Հայրապետյանի, ապա՝ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի կինը: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Կոնսերվատորիայում ուսանելու առաջին տարիներից դասավանդել է, միաժամանակ աշխատել Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում՝ դիրիժոր Օհան Դուրյանիղեկավարությամբ: 1965թ. առաջադեմ ուսանողության շարքերում մասնակցել է Հայոց ցեղասպանության (1915թ.) 50-ամյակին նվիրված առաջին երթին Հայաստանում: 1991թ-ից հասարակական և պետական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ գիտամշակութային, խաղաղասիրական, բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և արտասահմանյան երկրներում՝ նպաստելով մշակույթի զարգացմանն ու հանրահռչակման խնդիրներին, զգալի օգնություն է հասցրել փախստականներին, Սպիտակի երկրաշարժից տուժածներին, վիրավոր ազատամարտիկներին, զոհված հերոսամարտիկների ընտանիքներին և այլն։ 2000-12թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդական, «Գիրք» հիմնադրամի նախագահը: 1991թ-ից «Հայ մտավորական կին» գիտամշակութային ՀԿ հիմնադիր-նախագահն է, 1997թ-ից՝ «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահը: 2001-03թթ կազմակերպել է «Пачес» Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի մանկական փառատոնը, 2001-05թթ՝ Դելֆյան խաղերը և Արտեկի մանկական փառատոնը: 1988թ. ԱՄՆ-ում մասնակցել է «Կանանց առաջնորդություն» ծրագրին, 1998-2000թթ՝ «Խաղաղություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային համագործակցության ծրագրին, «South women’s leadership», 1996թ.՝ «Հաբիթաթ» 2-րդ համաշխարհային գագաթնաժողովին: 1993թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Հայ տաղանդավոր երեխաները աշխարհին» նախագիծը, որը շրջեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներով և ապա արտասահմանյան այլ երկրներով։ 2002թ. եղել է ԱՄՆ դրամաշնորհային ծրագրի շրջանավարտ, 2011թ. և 2016թ.՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Կանանց մենթորական ծրագրի մենթոր: Մասնակցել է նաև բազմաթիվ ազգային, համաշխարհային, միջազգային, տարածաշրջանային կոնֆերենսների, գագաթնաժողովների, նստաշրջանների աշխատանքներին, այդ թվում՝ «Պեկինի կանանց 4-րդ համաշխարհային համաժողով»-ին, «Պեկինյան ճեփընթաց» UNDP-հատուկ ծրագրին (1995թ.), Թայլանդում կայացած «Բարձրաստիճան պաշտոնյա կանանց համաժողովի» աշխատանքներին (2001թ.)։ 2004թ. և 2005թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 48 և 49 նստաշրջաններում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցները կանանց կարգավիճակի վերաբերյալ: Հիմնադրել է մի շարք մրցույթներ, մարզային միջոցառումներ, կանանց արվեստի փառատոներ, «կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային համագործակցությունը։ Չորս տարի անընդմեջ կազմակերպել է Համազգային ուխտագնացություն՝ «ԱՂՁՔ Հայոց Արշակունի արքաների դամբարան»: Եղել է ԱՄՆ-ում Հայաստանի «ԷՔՍՊՕ -2002» ցուցահանդեսի համակազմակերպիչը: Համագործակցել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների հետ, մասնակցել է սեմինարների, ուսուցողական, վերապատրաստման, դրամաշնորհային ծրագրերի տարբեր երկրներում` Կանանց առաջնորդություն (Բրյուսել), Հայաստանի կառավարման բարեփոխումների (Լոնդոն, 2002թ.), Հայաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագիր (2017թ.): Մասնակցել է մի շարք միջմշակութային միջոցառումների Բելգիայում, Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Եվրոպական, Ասիական և Միջինարևելյան երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում և ԱՄՆ-ում, թե՛ որպես հասարակական գործիչ, թե՛ որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։ 1991թ-ից «AIWA» Հայաստան կազմակերպության անդամ է: 2000-07թթ եղել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ, 2016թ. և 2017թ.՝ ՀՀ մշակույթի նախարարին կից հասարարական խորհրդի անդամ: 2012թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: