Zark Foundation

Աղեքսանդր Մխիթարյան

Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

3 հուլիս, 1846 - 17 օգոստոս, 1916

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նրա ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից: 7 տարեկան հասակում ծնողները նրան տվել են կրթության քաղաքում գրագետ մարդու համբավ ունեցող մի տիրացուի մոտ։ 2 տարվա ընթացքում սովորել է գրել-կարդալ, ազատ կարդացել է «Սաղմոս, Քերական և Նարեկ»: Այնուհետև հաճախել է Սարգիս Խալֆայի դպրոց։ Հոր մահից հետո թողել է ուսումը և սկսել դասեր տալ։ 1867թ. բացել է մասնավոր դպրոց։ 1876թ. աշխատել է Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցում, դասավանդել հայոց լեզու (գրաբար) և թվաբանություն։ 1879թ. մեկնել է Թիֆլիս` Ներսիսյան դպրոցում էքտեռն քննություններ հանձնելու նպատակով, որոնք հանձնել է հաջողությամբ: 1879-89թթ անընդմեջ աշխատել է քաղաքի վիճարկային և Արղության օրիորդաց դպրոցներում: 1889թ. ընդմիշտ թողել է մանկավարժությունը և Ալեքսանդրապոլում բաց է արել գրավաճառանոց` սերտ կապ պահպանելով Վենետիկի հայ միաբանության և Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերության հետ` տարածելով նոր լույս տեսնող թարմ գրականությունը։ Ազատ օրերին ու ժամերին շրջել է Շիրակի գյուղերով, հավաքել ու գրի առել բազմաթիվ ավանդություններ, հեքիաթներ, ժողովրդական երգեր ու խաղեր, առակներ ու առածներ, հանելուկներ, շուտասելուկներ, օրհնանքներ ու անեծքներ։ Այս տարիներին աշխատակցել է նաև Էջմիածնի «Արարատ» ամսագրին և այլ պարբերականների։ Գրել է մի շարք գրական ու պատմական գործեր, ինչպիսիք են՝ «Էջեր հայ ազատագրական շարժումների պատմությունից» (1898թ.), «Ըմբոստի երգեր» և «Բանտի երգեր» բանաստեղծությունների ժողովածուները, «Վարդան Մամիկոնյան կամ Ավարայրի պատերազմը» պատմական ողբերգությունը (երեք արարվածով և մեկ պատկերով, 1887թ.), «Արնոտ լեռներ կամ սասունցիք» դրաման (երեք արարով, 1896թ.), «Ոսկի երազներ» (պատկերներ թուրքահայ գազթականների 1895-96թթ արկածներից) և այլն։ 1910թ. հրատարակել է «Զվարճալի զբոսարան» գիրքը, որտեղ զետեղել է իր կազմած բազմատեսակ կրթական վիճակախաղերը։ Հրատարակվել են նրա «Տաղեր ու խաղեր» (1900թ.), «Փշրանք Շիրակի ամբարներից» («Էմինյան ազգագրական ժողովածու», 1901թ.) գործերը։ Թղթակցել է «Արարատ», «Սոխակ Հայաստանի» և այլ պարբերականների, թուրքերենից թարգմանել և առանձին գրքերով հրատարակել է արևելյան մի քանի հեքիաթներ («Շիրին և Ֆահրատ», «Լեյլի և Մեջնուն», «Շահ-Իսմայիլ» և այլն)։ Կազմել և խմբագրել է աշուղական երգարաններ։ Նրա արխիվում պահպանվում են բազմաթիվ անտիպ գործեր՝ պիեսներ, բանաստեղծություններ, բանասիրական նյութեր և այլն։ 1902թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել նրա «Ուղեցույց Անի քաղաքի և շրջակա ավերակաց» գրքույկը։ Բացի պատմական համառոտ տեսությունից, գրքույկում մանրամասն մատնացույց են արվում Ալեքսանդրապոլից դեպի Անի տանող բոլոր 4 ճանապարհներն ու դրանց սահմաններում գտնվող ավերակները, ծանոթություններ են տրվում շրջակա գյուղերի, ավանների, նրանց բնակիչների անցյալի ու ներկայի վերաբերյալ։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):