Zark Foundation

Աստղիկ

Աստղիկ

Դերասանուհի, երգչուհի

30 հունիս, 1852 - 1 մայիս, 1884

Ամպեր Գանթարճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասանուհի Սիրանույշի քույրը։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանիքաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-71թթ թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ դարաշրջանում՝ Պետրոս Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879թ. Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Հեղինե (Ա.Դյումա հոր «Քին»), Կատարինե (Վ.Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Սալոմե (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ.Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ.Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն։ 1881-82թթ Կոստանդնուպոլսում բեմադրել է Կամոլետտիի «Քույր Թերեզա», Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսները: Մահացել է Կոստանդնուպոլսում։