Zark Foundation

Ավագ Պետրոսյան

Ավագ Պետրոսյան

Օպերային երգիչ

16 մարտ, 1912 - 2 նոյեմբեր, 2000

Ծնվել է Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: 1936-39թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան (դասատու՝ Ն.Կարդյան), 1940-41թթ՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան (դասատու՝ Ք.Դորլիակ) պետական կոնսերվաաորիաներում: 1934թ-ից եղել է Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, 1939թ-ից` մեներգիչ: 1939թ. մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակին: 1949-50թթ վերապատրաստման է գործուղվել Մոսկվայի Մեծ թատրոն: 1941թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ եղել է բազմաթիվ ներկայացումների առաջին կատարողը` Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Սանթուր), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Կարո), Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (Սոս), Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (Սեյրան), Հ.Ստեփանյանի «Հերոսուհին» (Վահան), որի համար 1951թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Երգել է նաև Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ա.Սպենդիարյանի«Ալմաստ» (Աշուղ և Շեյխ), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Քյոռ օղլի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Տրուբադուր» (Մանրիկո) և այլ օպերաներում: Համերգային երկացանկում տեղ են գտել հայ, ռուսական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր: Համերգներով եղել է բազմաթիվ երկրներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1956թ.` ժողովրդական, 1962թ.` Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: