Zark Foundation

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

18 հոկտեմբեր, 1875 - 17 հոկտեմբեր, 1957

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքի դպրոցում: 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար, 1896թ. ձերբակալվել է և մեկ տարի անցկացրել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում, ուր ունկնդրել է գրականություն և փիլիսոփայության պատմություն: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՅԴ բյուրոյի անդամ, մեկ տարի անցկացրվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Ֆրանսիայում, Գերմանիայում, եղել Իտալիայում ու Հունաստանում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, իսկ 1936թ. վերադարձել է հայրենիք: 1944-57թթ եղել է Հայաստանի գրողների միության անփոփոխ նախագահը, արժանացել Լենինի երկու շքանշանի, ընտրվել ՀԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1897թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Երգեր ու վերքեր» խորագրով: Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեջ հնչել են նոր որակով: Սերն իր բազմազան արտահայտություններով գրողի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն էր: Վաղ շրջանում գրված «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Ամեն գիշեր իմ պարտեզում», «Էս ճամփեն ոլոր-մոլոր» և Շուշան յարին նվիրված սիրերգերի շարքին հետագայում ավելացել են «Զարոյի երգը», «Հոգի կուտամ, հոգի տուր ինձ» և այլ բանաստեղծություններ: Սիրերգերում հաճախ օգտագործել է հայ միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերը: Նրա սիրային որոշ երգեր հնչում են սոցիալական երանգով: Դրանցում որոշակի է լսվում բանաստեղծի բողոքի ձայնը «զուլում աշխարհի» դեմ: Սիրո թեմատիկան ամբողջացնում են մայրական սիրո բանաստեղծությունները («Մայրիկիս», «Դարդը սրտիս, աղքատ ու խեղճ», «Կտեսնեմ ահա լուռ երեկոյին» և այլն): Հայրենիքն ու հայրենականը հեքիաթի, տեսիլի և ռեալականության խաչավորումներով են պատկերվում «Ալագյազի մանիներ»-ում (1895-1917թթ): Այստեղ հորդում է ժողովրդի կյանքն ու ոգին, ծիսային պատկերների, խնդության ու վշտի, անաղարտ սիրո և ձգտումների զգացողությունը: Բանաստեղծը որոնում է սոցիալական ու քաղաքական հենարաններ, հաստատում ժողովրդի լինելությունը: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: Գրողի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվում են դարաշրջանի բարդ տեղաշարժերին: Բանաստեղծը տևականորեն վերապրում է ժողովրդի պատմական ու սոցիալական ծանր վիճակը: Մի կողմից՝ ավերի ու կոտորածի հալածող հուշեր, սպառնալից կացություն, մյուս կողմից՝ հասարակական առաջընթացի բնական մղում, մի կողմից՝ օրվա գոյության սպառնալիք, մյուս կողմից՝ հարատևելու հավատ: Սակայն գրողի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, ընդհակառակը, հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ: Որքան էլ իրականության դժոխքը այրել է ու տանջել, նա երբեք չի նահանջել սեփական հավատամքից, չի հաշտվել տիրող իրավիճակի հետ («Իմ սիրտն այնտեղ է», 1906թ., «Անհուն վրեժի և ատելության», 1908թ.): Չարիքների արմատը նա տեսել է սոցիալական անարդար հարաբերություններում: Ռուսական հեղափոխության նախօրեին լույս է տեսել «Ազատության զանգ» (1904թ.) բանաստեղծությունը: Այս շրջանում ուժգնացել է քաղաքացիական ըմբոստ կրքով ու պաթոսով ներթափանցված մաքառման պոեզիան, որի խորքում տրոփում է ժողովրդի ազատասիրական ոգին: Մի անհայտ ուղի բանաստեղծին մշտապես տարել է տիեզերական հեռուները, և նա թափառել է երկրե երկիր: Նրա դեգերումների ներքին իմաստը ամեն դեպքում պատմական կենսահաստատ երակներ գտնելու մղումն է: Դրա գեղարվեստական մեծարժեք վկայագիրն է «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1909-11թթ): Պոեմում ընթացքի մեջ են դրվում և հարաբերվում ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները, «ջեհնեմի» վերածված կյանքը և խռովված հոգու մղումները: Չհանդարտող ռիթմով մեկը մյուսի ետևից անցնում են կյանքի պատկերները, անդրադառնում միմյանց մեջ, և որքան արագանում է քարավանի երթը, այնքան ավելի է ուժեղանում այդ ամենի փոխակերպման ընթացքը Մահարու հայացքի առջև: Գրողի հերոսը մտնում է իրականության հասարակական, սոցիալական, իրավա-քաղաքական, մարդկային-բարոյական լայն շերտերը: Ճեղքելով ու անցնելով հին ու նոր չարիքների բոլոր հորիզոնները՝ Մահարին, ի վերջո, փառաբանում է աշխարհի վերածնունդը: Նա անհնազանդ ոգով մերժում է գորշ իրականությունը՝ հանուն բարձր իդեալներով հիմնված նոր իրականության: Նրա բացասման կիրքը լեցուն է հաստատման անսպառ կորովով: Ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է, որի վկայություններից է բանաստեղծի մեծ հետաքրքրությունը լեգենդների, հեքիաթների հանդեպ: Լեգենդների սյուժեներից շատերն առնված են Արևելքի ու Արևմուտքի ժողովրդական ավանդություններից, որոնք, սակայն, իմաստավորված են սեփական ժողովրդի կենսազգացողությամբ («Շիդհարը», 1907թ., «Հավերժական սերը», 1919թ., «Մոր սիրտը», 1919թ., «Լիլիթ», 1921թ., «Սաադիի վերջին գարունը», 1923թ. և այլն): Գրել է նաև «Շաքրո Վալիշվիլի» (1906թ.), «Գարիբալդիականը» (1907թ.), «Հորս գութանը» (1912թ.), «Համբերանքի չիբուխը» (1928թ.) և այլ արձակ երկեր: 1910թ. սկսել, 1912թ. ավարտել է «Ուստա Կարո» վեպի առաջին տարբերակը և այն մշակել գրեթե ողջ կյանքում: Ժամանակագրական առումով երկն ընդգրկում է դարասկզբի Շիրակը: Վեպի էջերում ժողովրդական միջավայրից հորդող կենսասիրությունը փոխանցվում է Ուստա Կարոյին և՝ հակառակը: «Ուստա Կարո» վեպի բովանդակությունը յուրատեսակ տարեգրումն է գրողի տևական մտորումների՝ ժողովրդի լինելության հարցերի շուրջը: Հեղինակը խորն է ապրել հասարակական արմատական տեղաշարժերի անհրաժեշտությունը՝ բնականորեն հանգելով այն հաստատուն համոզմանը, որ մղձավանջային կացությունից ելքը կապվում է Հոկտեմբերյան հեղափոխության հետ: Վեպը հրատարակվել է 2006թ.: 1919թ. գրել է «Սասմա Մհեր» պոեմը, որտեղ մարմնավորում է ժողովրդի մաքառող ոգին և ազատասիրական տենչը: Պոեմը հյուսելիս բանաստեղծը խտացրել է ոչ միայն սեփական ժողովրդի պատմական ուղու խորհուրդը, այլև ազատության և ինքնության համար մյուս ժողովուրդների մղած պայքարի հարուստ կենսափորձը: Անցյալի ու ներկայի ներքին միաձույլ համադրություններով պատկերում է ժողովրդի պատմական առաջընթացը: 1939թ. գրել է «Մեր պատմիչները և մեր գուսանները» բանաստեղծությունը, որտեղ էպիկական շնչով իմաստավորում է ժողովրդի անընկճելի էությունը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առաջին օրերին ստեղծել է հանրահայտ «Ռազմակոչ» բանաստեղծությունը, որով վրեժի և հերոսացման է կոչում սովետական ժողովրդին: Այդ տարիներին է հեղինակել նաև «Սիրելի հերոս Ս.Գ.Զաքիյանի անմահ հիշատակին» (1942թ.), «Ժողովրդի երգը» (1943թ.) բանաստեղծությունները, հրապարակախոսական կրքոտ հոդվածներ («Ֆաշիզմը պիտի խորտակվի», 1941թ., «Մահ գերմանական օկուպանտներին», 1942թ., «Հայ ճարտարապետությունը», 1942թ., «Անդրկովկասի ժողովուրդների եղբայրությունը անսասանելի է», «Հաղթանակը պրոգրեսի կողմն է», 1942թ.): «Մեծ հաղթանակի օրը» (1945թ.) բանաստեղծությամբ փառաբանում է սովետական ժողովրդի հաղթանակը և արժանին հատուցում պատերազմի զոհերին: Ետպատերազմյան տարիներին շարունակվել է բանաստեղծի եռանդուն մասնակցությունը սովետական ժողովրդի հասարակական-մշակութային կյանքին: Հանդես է եկոլ հրապարակախոսական նոր հոդվածներով, որոնց պաթոսը ժողովուրդների բարեկամությունն է, ստեղծագործ աշխատանքի և խաղաղության պաշտպանության գաղափարը: Գրողի ժառանգության մեջ գրական-պատմական արժեք են ներկայացնում նրա հուշերը, գրականությանն ու արվեստին նվիրված հոդվածները: Իր բազմամյա գործունեության ընթացքում գրել Է հայ դասական գրողների և արվեստի գործիչների հուշ-դիմանկարներ, թողել խորիմաստ բնութագրություններ: Նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր, որոնց մի զգալի մասը ժողովրդականացել է, երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը: Նրա ստեղծագործությունը արժանի տեղ է գրավում համաշխարհային գրականության գանձարանում: 1943թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում, նրա անունն են կրում նախկին Ղազարապատ գյուղը, փողոցներ՝ Երևանում, Գյումրիում և այլուր, դպրոցներ, գրադարաններ՝ Հայաստանի տարբեր վայրերում: Գրողի արձանները կանգնեցվել են Երևանում, Գյումրիում (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1977թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան), Իսահակյան գյուղում: ՀՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ, սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է գրողի դիմանկարը: