Zark Foundation

Ավետ Տերտերյան

Ավետ Տերտերյան

Կոմպոզիտոր

29 հուլիս, 1929 - 11 դեկտեմբեր, 1994

Ալֆրեդ Տերտերյան
Ծնվել է Բաքվում: 1948-51թթ հաճախել է Բաքվի երաժշտական ուսումնարան: 1951թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 1951-52թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդվարդ Միրզոյանիդասարանը, 1967թ.՝ ասպիրանտուրան: Լայն ճանաչում են գտել կոմպոզիտորի ութ սիմֆոնիաները (1969-89թթ), որոնք աչքի են ընկնում բովանդակության, ձևի, երաժշտական լեզվի, հայկական հնագույն մոնոդիաների (շարականների) ավանդույթների փոխակերպման բնագավառներում նորարարական հնարանքներով: Նրա ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում «Կրակե օղակում» (1967թ., Երևան, նոր խմբագրում՝ 1977թ., Հալլե, Գերմանիա) և «Երկրաշարժ» (ըստ Հ.Ֆոն Կլայստի, 1984թ.) օպերաները: Հեղինակել է «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները» բալետը (1979թ.), «Հայրենիք» (1957թ.), «Հեղափոխություն» (1960թ.) վոկալ-սիմֆոնիկ շարքերը, թավջութակի և դաշնամուրի սոնատը (1955թ.), երկու լարային կվարտետներ (1963թ., 1991թ.), երգեր, թատերական երաժշտություն: Գրել է նաև «Երևանյան օրերի խրոնիկա» (1972թ.), «Քամին ունայնության» (1989թ.), «Հին աստվածներ» (1993թ.) ֆիլմերի, «Երազահան» (1989թ.) մուլտֆիլմի, «Ցասման հացը» (1996թ.) վավերագրական ֆիլմի երաժշտությունները: 1970թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայում (1985թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1977թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` Հայաստանի, 1991թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1993թ. արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (հետմահու): Մահացել է Եկատերինբուրգում, թաղված է Երևանում: Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը: