Ծնվել է 1970թ. սեպտեմբերի 10-ին, Երևանում: 1979-88թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում: 1996թ. հիմնադրել է «Պատկերներ ցուցահանդեսից» մանկական պարային ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն է: 1988-2003թթ աշխատել է «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարուհի: 2003թ. հիմնադրել է «Արինա Արարատյան պարի թատրոն»-ը, որի գեղարվեստական ղեկավարն է: Հեղինակել է մի շարք նախագծեր, որոնցից են՝ «Չիպոլինո» մանակական բալետը (2005թ.), «Ամերիկյան սյուիտ» ջազ բալետը (2005թ.), «Գարնան սպասումով» ժամանակակից բալետը (2009թ.), «Բնակարան N18» խորեոգրաֆիկ ներկայացումը (2012թ.), «Աղջիկը լուսնի վրա» (2014թ.), «Ալիսը» ներառական բալետները (2017թ.), «Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» լիրիկական ներկայացումը (2021թ.), «Ալիսի արկածները» մանկական ներկայացումը (2023թ.): 1999-2000թթ եղել է Վարդաշենի համայնքային գիշերօթիկ դպրոցի պարի ուսուցիչ: Որպես պարային բեմադրիչ հանդես է եկել մի շարք նախագծերում, որոնցից են՝ «Տերն ու ծառան» ներկայացումը (1993թ., Մետրո թատրոն), «Պատկերներ ցուցահանդեսից» խմբի համերգը Վարդաշենի և Աբովյանի մանկատների երեխաների համար (2004թ.), «Մարիամ» գեղարվեստական ֆիլմը (2005թ.), «Շունն ու կատուն» ներկայացումը (2006թ., 2008թ., ԵՊՀԹ), ՀՀ Բանակի օրվա միջոցառումը (2007թ., 2008թ.), Երևան քաղաքի տոնը (2008թ.), «Ջուլիետայի մենախոսությունը» ներկայացումը (2009թ., ԵՊՀԹ), «Նոր տարվա կինո» ֆիլմը (2009թ., Հ1), Սպիտակ քաղաքի օրը (2009թ.), «Դելֆյան խաղեր» միջազգային արվեստների փառատոնի բացման արարողությունը (2010թ.), ՀՀ ոստիկանության օրվա միջոցառումը (2010թ.), «Ես ճայ եմ» ներկայացումը (2011թ., ԵՊՀԹ, Մոսկվայի Ա․Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնի հետ համատեղ), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ծրագրերի շրջանավարտների ֆլեշմոբը (2012թ.), «Անսահմանափակ շարժում» ֆլեշմոբը (2017թ.), «Ալադին» (2019թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն), «Օսկար» (2021թ., ԵՊՏԹ), «Մալիֆիսենտա» (2021թ., ԵՊՀԹ), «Մոխրոտը» (2022թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոն) ներկայացումները, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնարդամի «Smart Connects» նախագիծը (2021թ.): Որպես նախագծի ղեկավար հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնած «Ամառային արվեստի դպրոց Աշտարակում» (2013թ.), «Պարի շարժման նախաձեռնություն» Դեյվիդ Դորֆմանի պարի խմբի վարպետության դասերին (2014թ.), «Հայ-թուրքական-ամերիկյան համագործակցություն» Դեյվիդ Դորֆմանի պարի խումբ և Բրուկլինի երաժշտության ակադեմիա (2015թ.): 2023թ. եղել է «Գալյա Նովենց» թատերական դպրոցի «Такие женские штучки» բեմականացման բեմադրող ռեժիսորը և որպես մենթոր հանդես է եկել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրում: «Պատկերներ ցուցահանդեսից» մանկական պարային ստուդիայով արժանացել է մի շարք մրցանակների: 2020թ. հրատարակվել է նրա «Կապույտ արևի ճառագայթների հետքերով» ֆենթզի վեպը: 2014թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2020թ.՝ «Փոխանակման դեմքեր« ԱՄՆ դեսպանության շրջանավարտների մրցանակի: