Ծնվել է Թիֆլիսում, 1914թ. Վանից ներգաղթած և Թիֆլիսում հաստատված Բերբերյանների ընտանիքում։ Բերբերյանները տեղափոխվել են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով նրա ուսումը կիսատ է մնացել։ Հայրը նրան տվել է արհեստ սովորելու Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ։ Աշակերտել է արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին։ 1946թ. մեկնել է Թեհրան, որպես վարպետ աշխատել Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում։ 1956թ. Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան, զբաղվել Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմամբ։ Երևանում ընդգրկվել է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տվել Երևանի ուսումնարաններից մեկում, Էրեբունի թանգարանում աշխատել որպես վերականգնող: Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է «Ծխախոտատուփ» (1942թ.), «Ծաղկաման» (1944թ.), «Բուրվառ» (1964թ.), «Գավաթ» (1970թ.), «Վան» (վզնոց, 1971թ.), «Աղթամար» (սկուտեղ, 1972թ.), «Արգիշտի» (սափոր, 1973թ.), «Սափոր» (1976թ.), «Թեյշեբա» և այլն, նաև գեղարվեստական զարդաքանդակներ՝ («Կենաց ծառ» 1973թ., 1974թ.)։ Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սբ. Էջմիածնի վեհարանում, ՀԺԱԹ-ում և այլուր։ Արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973թ.) և ոսկե մեդալներով (1975թ., 1977թ.)։ Մահացել է Երևանում։