Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սամաթիա թաղամասի Սահակյան, ապա Կենտրոնական վարժարաններում։ Բեմական ասպարեզ է մտել Օսմանյան սահմանադրությունից հետո։ 1909թ. խաղացել է Ենովք Շահենի, Աշոտ Մադաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Ազատ թատրոն» թատերախմբում՝ Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնում։ Հետագայում Սամաթիայում կազմակերպել է սիրողներից բաղկացած մի թատերախումբ, որի մեջ են եղել Մկրտիչ Ջանանը, Տրդատ Նշանյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլք։ 1913թ. խաղացել է Ֆելեկյան քույրերի խմբում, իսկ 1919թ.՝ «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» խմբում։ 1923թ. մեկնել է Մարսել, բեմադրել «Վարդան Մամիկոնյան» պիեսը։ Նրա խաղացած գլխավոր դերերից են՝ Ֆրանց Մոորը (Ֆ.Շիլլերի «Ավազակներ»), Վասակ Սյունի («Վարդան Մամիկոնյան»), Կոմս (Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Լորդ Մերվիլ (Ա.Դյումայի «Քին») և այլն։