Zark Foundation

Արմեն Լոռենց

Արմեն Լոռենց

Գեղանկարիչ

Արմեն Հարությունյան
Ծնվել է 1958թ. հուլիսի 28-ին Հայաստանի Թումանյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1975թ. ավարտել է Թումանյան քաղաքի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1977թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժին։ 1981-86թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում, 1986-90թթ՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ։ 1996թ. պաշտպանել է «Գեղարվեստական կրթության ու դաստիարակության դրվածքը 19-րդ դարի Հայոց Հոգևոր Թեմական դպրոցներում» խորագրով թեկնածուական թեզ (2003թ-ից՝ դոցենտ)։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է։ Մասնակցել է հանրապետական, միջազգային, ինչպես նաև «Հայկական ներկապնակ» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին։ Եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կիրառական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, Եղեգնաձորի «Գիտելիք« համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչը, «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ: Հեղինակել է չորս տասնյակից ավելի գիտամանկավարժական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ։ Ուսումնասիրել է գեղարվեստական կրթության հիմնախնդիրը 19-րդ դարի հայ մանկավարժական մտքի պատմութիան մեջ, Աշխարհի տարբեր երկրներում կրթական համակարգերի հարաբերակցությունը, օրինաչափություններն ու զարգացման հնարավորությունները: Հեղինակել է «Գեղարվեստական կրթությունն ու դաստիարակությունը հայոց հոգևոր թեմական դպրոցներում 19-րդ դարի 2-րդ կեսին» (1999թ.), «Հովհաննես Հինդլյանի գեղագիտական հայացքները» (2005թ.), «Հրաշք մատիկներ» (2006թ., համահեղինակությամբ), «Համեմատական մանկավարժություն» (2011թ.), «Գեղարվեստական մանկավարժության հիմնախնդիրների լուսաբանումը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ մամուլի էջերում» (2012թ.) և այլ ուսումնամեթոդական ձեռնարկներ: